211652_close_icon
views-count1144 դիտում article-date 15:15 13-03-2015

Ուրուգվայում տրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը

Մարտի 11-ին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարության շենքի «Սանտոս» պալատի «Ֆլորենտինո» սրահում Ուրուգվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ իրավագետ, մարդու իրավունքների հարցերով մասնագետ Օսկար Լոպես Գոլդասարենայի «Հայկական մշակութային ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, կրթության և մշակույթի նախարար Մարիա Խուլիա Մունյոսը, Ուրուգվայի համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը, սենատորներ Ռաֆայել Միկելինին և Ռուբեն Մարտինեսը, դեսպաններ, ակադեմիական և գիտական շրջանակների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի, ուրուգվահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, մարդու իրավունքների հարցերով ակտիվիստներ: Իր ելույթում Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը անդրադարձավ մշակութային ժառանգությանը և դրա պահպանմանը` որպես ազգային ինքնության արտահայտչամիջոցի, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին, որոնք կարգավորում են այդ ոլորտը: Գրքի հեղինակ, իրավագետ Օսկար Լոպես Գոլդարասենան իր ելույթում անդրադարձավ Հայոց ցեղասպանության պատմությանը, Երիտթուրքական կառավարության կողմից դրա ծրագրմանը՝ ընթերցելով և մեջբերումներ կատարելով բրիտանացի պատմաբան և մշակութաբան Առնոլդ Թոյնբիի զեկույցներից: Հեղինակը խոսեց նաև մշակութային ցեղասպանությունից՝ որպես առանձին երևույթից, անկախ այն հանգամանքից թե մշակութային ցեղասպանությունը տեղի է ունենում որևէ ազգի բնաջնջմանը զուգահեռ, թե ոչ: Ըստ հեղինակի` մշակութային ցեղասպանությունը կարող է իրականացվել անկախ բնաջնջումից: Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց շարունակվում է մշակութային ցեղասպանությունը. շարունակվում են ոչնչացվել մշակութային կոթողներ և հուշարձաններ, որպեսզի վերացվի հայ ժողովրդի ներկայությունն ու հետքն այդ վայրերում: Գրքի շնորհանդեսին ելույթներով հանդես եկան նաև ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական գործիչներ:

Նմանատիպ նյութեր