1235 դիտում
12:29 04-02-2015
Սիրիայում տրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը
Փետրվարի 3-ին Դամասկոսի Ալ-Ասադի Ազգային գրադարանի սրահում տեղի ունեցավ Սիրիայում ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի` «Ականատեսների հուշերը Հայոց ցեղասպանության մասին Օսմանյան կայսրությունում» արաբերեն լեզվով գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր Սիրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հանձնաժողովը` Սիրիայի մշակույթի նախարար Իսաամ ալ-Խալիլի հովանավորությամբ:
Միջոցառմանը ներկա էին Սիրիայի մշակույթի նախարար Իսամ ալ-Խալիլը, Սիրիայի նախագահի խորհրդական Մուհսեն Բիլալը, Սիրիայի ազգային առաջադիմական ճակատի անդամ, Սոցիալիստների միության գլխավոր քարտուղար Ահմադ ալ-Ահմադը, Սիրիայի նախկին վարչապետ Մուհամմադ Մուսթաֆա Միրոն, արտաքին գործերի նախարարի տեղակալ Այման Սուսանին, Սիրիայի Ժողովրդական ժողովի բազմաթիվ անդամներ, դիվանագետներ, աշիրաթապետեր, Սիրիայի քրիստոնեական համայնքների առաջնորդներ, ինչպես նաև սիրիահայ համայնքի և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում հնչեցին բազմաթիվ ելույթներ, որոնցում անդրադարձ կատարվեց գրքի բովանդակությանը, ինչպես նաև շեշտվեց աշխատության կարևորությունը արաբական աշխարհում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում:
Շնորհանդեսը լայնորեն լուսաբանվեց Սիրիայի զանգվածային լրատվական միջոցների կողմից: Այդ կապակցությամբ ՀՀ դեսպանը բազմաթիվ հարցազրույցներ տվեց Սիրիայում հավատարմագրված արաբական ԶԼՄ-ներին:
Տեղեկանք: Արշակ Փոլադյանի` «Ականատեսների հուշերը Հայոց ցեղասպանության մասին Օսմանյան կայսրությունում» գիրքն արաբ ընթերցողին է ներկայացնում երեք ականատեսների` սիրիացի փաստաբան Ֆայեզ Ղուսեյնի, թուրք պաշտոնյա Նայիմ բեյի և ասորի հոգևորական, մտավորական հայր Իսհակ Արմալե ալ-Սուրիանիի հուշերը: Հենվելով Մեծ Եղեռնի վերաբերյալ արաբերեն և այլ լեզուներով հրատարակված ուսումնասիրությունների և ականատեսների վկայությունների վրա` հեղինակն անդրադարձ է կատարում նաև Օսմանյան հասարակությունում հայերի դերին ու գործունեությանը, Հայկական հարցի միջազգայնացմանը և Օսմանյան կայսրության կողմից որդեգրված պանթուրքիստական քաղաքականության ենթատեքստում հայ ժողովրդի դիմադրության շարժմանը:
Նմանատիպ նյութեր
1256 դիտում
20:00 03-02-2015
Լիբանանում տրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը
1222 դիտում
15:15 13-03-2015
Ուրուգվայում տրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը
1335 դիտում
20:08 17-04-2015
Ծիծեռնակաբերդում տրվեց Ադամ Բարրոյի` Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը
Այս բաժնից
667 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
487 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը
880 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ