49127 դիտում
09:38 13-03-2015
Արտակարգ և ողբերգական դեպք Մեղրի քաղաքում. Mercedes G500-ը բախվել է էքսկավատորին ու ամբողջովին այրվել. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Մեղրի քաղաքի Աբելյան փողոցի վերջնամասում՝ «Բաղդադի աղբյուր» կոչվող տարածքում, Mercedes G 500 մակնիշի 55 TT 558 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված մեքենայով բախվել է ճանապարհի եզրին կայանված ԿԱՏ 330 Դ մակնիշի էկսկավատորին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում առաջացել է հրդեհ: Վթարի վայր են ժամանել Մեղրի հրշեջ-փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի հետևանքով Մեղրիի հիվանդանոց են տեղափոխվել 43-ամյա Արթուր Ղազարյանը, 33-ամյա Ստյոպա Նորեյանը, 28-ամյա Սերոբ Նորեյանը, 33-ամյա Ռազմիկ Ադամյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Սերոբ Նորեյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Վթարի մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննչական խումբն ու ոստիկանության Մեղրիի բաժնի փորձագետը:
Փաստի առթիվ Սյունիքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Սիմոնյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոոլրագրողի տեղեկություններով՝ կայանված էքսկավատորը պատկանում է «Դորոժնիկ» ՍՊԸ-ին: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ին տեղափոխում են Երևան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+