Թուրքմենստանում հուլիսի 1-ից կթույլատրվի հավաքներ և ցույցեր անցկացնել
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս 2015թ-ի հուլիսի 1-ից երկրում հավաքներ, ցույցեր և այլ խաղաղ զանգվածային միջոցառումներ անցկացնել:
Այդպիսով Թուրքմենստանի քաղաքացիները կկարողանան օգտվել խաղաղ ցույցեր անցկացնելու իրենց սահմանադրական իրավունքից:
Ըստ այդ օրենքի՝ մասսայական միջոցառումները կարող են կազմակերպել մեկ կամ մի քանի չափահաս Թուրքմենստանի քաղաքացիներ, ովքեր մշտապես բնակվում են երկրում, ինչպես նաև քաղաքական կուսակցությունները, հասարակական միավորումներն ու կրոնական կազմակերպությունները:
Չի թույլատրվում նման միջացառումներ անցկացնել այն մարդկանց, ովքեր ճանաչվել են անգործունակ, ունեն կամ ունեցել են դատվածություն, ինչպես նաև այն անձինք, ովքեր ենթարկվել են վարչական բռնագանձման՝ պատասխանատվության ենթարկվելուց հետո 1 տարվա ընթացքում: Արգելվում է նաև զանգվածային միջոցառումներ անցկացնել այն քաղաքական կուսակցություններին, հասարակական միություններին և կրոնական կազմակերպություններին, որոնց գործունեությունն արգելվել կամ կասեցվել է:
Չի թույլատրվում նաև արտասահմանից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ֆինանսական, նյութական կամ այլ տեսքով օգնության միջոցով ցույցերի անցկացումը: