211652_close_icon
views-count1702 դիտում article-date 23:42 11-03-2015

«Երևակ» կրթահամալիրի սաներն այցելել են Անդրանիկ Օզանյանի անվան զորամաս

«Երևակ» կրթահամալիրի ավագ դասարանի սաները այցելել էին Անդրանիկ Օզանյանի անվան զորամաս: Այցը կազմակերպվել էր կրթահամալիրի ուսուցիչ՝ Նարեկ Հայրապետյանի և զորամասի հոգևոր սպասավոր՝ Վոլոդյա սարկավագ Նաջարյանի նախաձեռնությամբ: Այցի շրջանակներում սաները լիարժեք կերպով ծանոթացան զորամասի առօրյային: Նրանց ուղեկցում էին հոգևոր սպասավորն ու տվյալ զորամասի սերժանտական խորհրդի նախագահ՝ կրտսեր սերժանտ Կարո Գևորգյանը: Կրտսեր հրամանատարը հանգամանալից հաղորդ դարձրեց սաներին զինվորական առօրյային, որից հետո սաները պտտվեցին ողջ զորամասի տարածքով: Սաներին հնարավորություն ընձեռնվեց հատուկ վարժասարքի միջոցով ստուգել «Նախնական Զինվորական Պատրաստություն» առարկայի ընթացքում սերտած տեսական գիտելիքները: Հոգևոր սպասավորը սաներին բացատրեց այցի կարևորությունը և հորդորեց, որ այս տարիքում իրենց օրինակ ունենան ո՛չ թե փողոցային բարքեր սերմանող երիտասարդներին, այլ պատերազմի ընթացքում հերոսացած մեր մեծերին և այսօր հայրենիքի ծառայության համար զինվորագրված հայորդիներին ու այն երիտասարդ հերոս զինվորներին, որոնք իրենց արյունը թափեցին մեր հայրենի երկրի ազատության ու անկախության պահպանման սուրբ և նվիրական գործում: Փոխադարձ կարևորելով այցի անհրաժեշտությունը, ուսուցիչները խոսք տվեցին սաներին, կրկին բերելու զորամաս՝ տեսակցելու զինվորներին: Կրթահամալիրի սաները հայրենասիրական երգեր էին պատրաստել զինվորների համար, որոնց հնչյունների ներքո քայլերթ կազմակերպեցին՝ հրաժեշտ տալով զինվորներին: ՀՀ ՊՆ զորամասի հոգևոր սպասավոր՝ Վոլոդյա սարկավագ Նաջարյան

Նմանատիպ նյութեր