Ստեփանավանին հանձնվեց երիտասարդական մայրաքաղաքի բանալին. լուսանկարներ
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2013 թվականից նախաձեռնել և իրականացնում է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթը: Դեռ 2014 թ. դեկտեմբերի 24-ին 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք Սիսիանն իր բանալին հանձնեց Ստեփանավանին:
Փետրվարի 25-ին Ստեփանավանում արդեն ազդարարվեց Հայաստանի հանրապետության 2015 թ. երիտասարդական մայրաքաղաք ծրագրի պաշտոնական բացման արարողությունը:
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը նախարարության անունից ողջունեց 2015 թ. երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանին:
«Երիտասարդական մայրաքաղաք հռչակված Ստեփանավանը մեծ պարտավորվածությամբ է կրելու երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը, քանի որ մեկ տարվա ընթացքում նախարարության հետ համատեղ իրականացնելու է թե՛ տեղական, թե՛ միջազգային երիտասարդական ծրագրեր»,- ասաց Թամարա Թորոսյանը:
Թորոսյանը Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին հանձնեց 2015թ. երիտասարդական մայրաքաղաքի վկայագիրը:
Միջոցառման ընթացքում երիտասարդ ստեփանավանցիները հանդես եկան քաղաքի 2 ձոներգով, որոնք գրվել են մեկ շաբաթ առաջ Ստեփանավանի արվեստի դպրոցի մանկավարժներ Գայանե Պեպելյանի և Գայանե Ջաղինյանի կողմից:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո մասնակիցներն այցելեցին երիտասարդական պուրակ, ուր այս տարվա ընթացքում 100 ծառ է տնկվելու` ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի: