211652_close_icon
views-count1190 դիտում article-date 13:29 26-02-2015

Սահմանամերձ համայնքները կառավարության ուշադրության կենտրոնում են

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը որոշել է ս.թ. հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Տավուշի մարզպետարանին 2015թ. առաջին եռամսյակում հատկացնել մոտ 6.5 մլն դրամ: «Հարգելի գործընկերներ, Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի և Պառավաքար գյուղերի 134 բնակչի գույքի կորուստն ենք մենք վերակագնում, - հարցի առնչությամբ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: - Բոլորդ գիտեք, որ սահմանամերձ համայնքները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ համայնքների ազգաբնակչությունը որևէ խնդիր չունենա»: Վարչապետի խոսքով՝ սահմանամերձ համանքներին աջակցությունը շարունակական կլինի: Մեկ այլ որոշմամբ սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու գլխավոր կարգադրիչ են դիտարկվել ՀՀ մարզպետարանները, իսկ ոռոգման ջրի վարձավճարի մասնակի փոխհատուցման գլխավոր կարգադրիչ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն: Վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը պարտավորվել է մասնակիորեն կամ ամբողջովին փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակիչների հոսանքի, գազի, ջրի ծախսը, ինչպես նաև գույքահարկը: Այդ նպատակով հատկացվում է 928 մլն դրամ: ՀՀ կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքով հաշվարկված՝ ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթի հաշվին ապահովել ավելի քան 1.5 մլրդ դրամի վճարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին որպես անապահով ընտանիքների կողմից 2013թ. հուլիսի 7-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում: Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարելով փոփոխություն, կառավարությունը երկու ամսով երկարացրել է Հայաստանի Հարավային երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների (ճանապարհային քարտեզի) ցանկի և Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու իրավական ակտերի ընդունման ժամկետները: Կոնցեսիոների առաջարկությունները ավարտական փուլում են և կներկայացվեն լրացուցիչ:

Նմանատիպ նյութեր