ԱԺ նախագահը՝ խորհրդարանում Գագիկ Ծառուկյանի բացակայությունների և իրականացվող ստուգումների մասին
Ստուգվելու է 2014թ. աշնանային նստաշրջանում բոլոր պատգամավորների հաճախելիությունը, եւ խորհրդարանի նիստերից պատգամավորների բացակայության ստուգումներն ուղղված չեն կոնկրետ մեկի դեմ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
Նրա խոսքով՝ պատգամավորները իրենց բացակայությունների համար հիմնավորումներ պետք է ներկայացնեն խորհրդարանի աշխատակազմին։ «Այնուհետեւ մենք կքննենք այդ տվյալները եւ կներկայացնենք արդյունքները»,- հավելել է Սահակյանը։
Հարցին, թե բացակայության վերաբերյալ կոնկրետ ինչ փաստաթուղթ է ներկայացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, պատասխանեց, որ դեռ ինքն էլ տեղյակ չէ, քանի որ այն դեռ գտնվում է խորհրդարանի աշխատակազմի տնօրինության տակ։
Ինչ վերաբերում է փետրվարի 20-ին Եռյակի հրավիրելիք հանրահավաքին, կարծիք հայտնեց, որ դա սովորական ժողովրդավարական երեւույթ է: Միաժամանակ ընդգծեց, որ քաղաքական համբերատարությունը սահմաններ ունի՝ հիշեցնելով, որ խորհրդարանում միշտ փորձել են անել այնպես, որպեսզի լարվածություն չլինի:
«Բայց ամեն ինչ իր վերջն ունի»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը: