211652_close_icon
views-count2010 դիտում article-date 19:29 10-02-2015

Արտակ Խաչատրյանին առևանգել է դիմակավորված երեք տղամարդ

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը, շրջանակը պարզելու ուղղությամբ: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են մի շարք վկաներ և գործով տուժող ճանաչված Ա.Խաչատրյանը։ Քննությամբ պարզվել է, որ 07.02.2015թ -ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արտակ Խաչատրյանը և իր ընկեր Ն.Աբրահամյանը «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել են Երևան քաղաքի Տոլստոյի փողոցում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրին և կայանել նշված համալիրին կից պատի տակ: Այդ պահին Տոլստոյի փողոցի վերևի հատվածից արագ նրանց է մոտեցել «Տոյոտա կորոլա» մակնիշի սև ավտոմեքենա, որից իջել է դիմակավորված, սև համազգեստով, խոշորամարմին երեք տղամարդ։ Նախնական տվյալներով՝ նրանց մոտ եղել է նաև հրազեն։ Նրանք Ն. Աբրահամյանին հրել են մի կողմ, իսկ Ա.Խաչատրյանին նստեցրել ավտոմեքենան և արագ ընթացել Նար-Դոս փողոցի ուղղությամբ: Ա. Խաչատրյանին առևանգելուց հետո մի քանի ժամ ծեծի են ենթարկել, որից հետո նրան բաց թողել մի ամայի տարածքում, որտեղից էլ վերջինս ինքնուրույն եկել է իր բնակարան։ Նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Ա.Խաչատրյանը շտապօգնության 73-րդ անձնակազմի միջոցով իր բնակության վայրից տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ։ Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը տուժողի մոտ եղել է երկու հեռախոս, որոնցից մեկը հայտնաբերվել է «Մետաքս-Գոլդ» կոչվող շենքի մոտակայքում. ըստ ականատեսի՝ հեռախոսը դուրս է նետվել «Տոյոտա» մակնիշի սև ավտոմեքենայից: Երկրորդ հեռախոսը հայտնաբերվել է Երևան քաղաքի Խաղաղ-Դոն փողոցում։ Քրեական գործի շրջանակներում պարզվել են հեռախոսները սև մեքենայից նետելը նկատած քաղաքացիների ինքնությունը, ովքեր հարցաքննվել են իրենց հայտնի հանգամանքների շուրջ։ Նախաքննության ընթացքում տուժող Ա.Խաչատրյանի եղբայրը քննությանն է ներկայացրել տեսագրություն, որի զննությամբ պարզվել է, որ դեպքի օրը Նարեկ Աբրահամյանի վարած «Մերսեդես Բենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենային հետևել է «Տոյոտա կորոլա» մակնիշի սև ավտոմեքենան: Պարզվել է, որ «Մերսեդես Բենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Խաչիկ Տեր-Հակոբյանին, որը դեպքի օրը վարել է Ն.Աբրահամյանը։ Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ պարզելու «Տոյոտա կորոլա» մակնիշի սեփականատիրոջ ինքնությունը, նշված ավտոմեքենան, հնարավոր տեսագրությունները հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար։ Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Նմանատիպ նյութեր