2650 դիտում
16:26 06-02-2015
Մեկնաբանում է Միգրացիոն պետական ծառայությունը
Փետրվարի 6-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունում տեղի ունեցավ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի հիմնական նպատակն էր մեկնաբանել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների կողմից աշխատանքային գործունեություն ծավալելու կարգն ու պայմանները, ինչպես նաև ՌԴ մուտքի արգելք ունեցող ՀՀ քաղաքացիների խնդիրները:
- 2015թ. հունվարի 2-ից սկսած Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (Բելառուս, Ղազախստան, ՌԴ) աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ունենալ թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ, այդ թվում` պատենտ,- տեղեկացրեց Գ. Եգանյանը,- միևնույն ժամանակ` ԵՏՄ անդամ պետություններում օրինական աշխատելու և գտնվելու համար անհրաժեշտ է ունենալ գործատուի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիա-իրավական պայմանագիր: Ընդ որում` որպես գործատու կարող են հանդես գալ նաև ֆիզիկական անձինք:
Միգրացիոն պետական ծառայության պետը մանրամասնեց, որ ԵՏՄ անդամ պետությունների տարածքում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների ժամանակավոր գտնվելու (բնակության) ժամկետը որոշվում է պայմանագրի գործողության ժամկետով: Ընդ որում պայմանագրում նշված ժամանակահատվածում ինչպես աշխատանքային միգրանտը, այնպես էլ նրա ընտանիքի անդամները, կարող են ցանկացած անգամ և ցանկացած ժամկետով դուրս գալ և կրկին վերադառնալ տվյալ երկիր:
Ռուսաստանի Դաշնության տարածքում պայմանագրի հիման վրա աշխատող ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ներկայացնել.
• ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների իմացությունը հաստատող փաստաթղթեր.
• թմրամոլության և շրջապատի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդությունների բացակայությունը հավաստող փաստաթղթեր.
• ՄԻԱՎ /ՁԻԱՎ-ի բացակայության վերաբերյալ հավաստագիր:
ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտը և նրա ընտանիքի անդամներն ազատվում են ԵՏՄ անդամ պետությունների լիազոր մարմիններում գրանցվելուց (գտնվելու վայրում հաշվառվելուց) աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում:
ՌԴ տարածք մուտք գործելիս ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է լրացնեն միգրացիոն քարտ: Ընդ որում, աշխատելու նպատակով այդ երկիր մուտք գործող քաղաքացիները, միգրացիոն քարտի «Այցի նպատակը» տողում պետք է նշեն «աշխատանք» բառը: Այս պահանջից ազատվում են միայն այն քաղաքացիները, որոնց ՌԴ-ում գտնվելու ժամկետը չի գերազանցելու մուտք գործելու ամսաթվից սկսած 30–օրյա ժամկետը:
Ինչ վերաբերում է ՌԴ մուտքի արգելք ունեցող ՀՀ քաղաքացիների խնդիրներին, ապա Գ. Եգանյանը նշեց, որ ՌԴ միգրացիոն օրենսդրության և կիրառվող պրակտիկայում վերջին շրջանում տեղի ունեցած խստացումների արդյունքում, Ռուսաստանում որևէ խախտում կատարած օտարերկրացիների մուտքն այդ երկիր հետագայում արգելվում է:
Ռուսական աղբյուրների համաձայն, ներկայումս 3 մլն-ից ավելի անձինք հայտնվել են ՌԴ օրենսդրական նորմերը խախտողների թվում, որոնց նկատմամբ կիրառվելու է ՌԴ մուտքի արգելանք` մինչև 10 տարի ժամկետով: Նույն աղբյուրների համաձայն ռիսկի խմբում գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը կազմում է շուրջ 180.000: Գնահատականների համաձայն` արդեն իսկ 50-60.000 ՀՀ քաղաքացիներ հայտնվել են այդպիսի իրավիճակում, նրանք դուրս են եկել ՌԴ տարածքից (հիմնականում գտնվում են ՀՀ-ում) և չեն կարողանում հետ վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն:
Վերոհիշյալ անձանց խնդիրներին լուծում տալու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության և Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության միջև, համաձայն որի ՌԴ մուտքի արգելքը հանելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների դիմումները` կից փաստաթղթերի հետ միասին հավաքվում և փոխանցվում են ռուսական կողմին:
Նշված աշխատանքները սկսվել են 2014թ. հունիսից: Ծառայությունում ստացվել է 4000-ից ավելի դիմում, որոնցից ավելի քան 3200-ը ուղարկվել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայություն: Դրական պատասխան է ստացվել դիմումների ընդհանուր թվի շուրջ 22 % -ի վերաբերյալ:
- Մենք ինտենսիվ աշխատանքներ ենք տանում ՌԴ մեր գործընկերների հետ` մեր համաքաղաքացիներին հնարավորինս շատ օգնելու համար և ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր ծառայությունն անվճար է,- շեշտեց Գ. Եգանյանը:
ՀՀ մարզերի բնակիչները Միգրացիոն պետական ծառայության հետ կարող են կապվել մարզպետարանների միջոցով: Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ծառայության պաշտոնական կայք` http://smsmta.am/ կամ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության կայք` http://services.fms.gov.ru/info-service.htm?sid=3000 հղումով:
Նմանատիպ նյութեր
13613 դիտում
22:28 31-10-2018
Խոչընդոտները միգրացիոն ոլորտում հանվել են. Պուտինը միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ է ստորագրել
2933 դիտում
11:00 25-02-2017
Ամերիկյան հատուկ ծառայությունը քննադատել է Թրամփի միգրացիոն քաղաքականությունը
14355 դիտում
23:59 02-09-2017
Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը պահանջել է Սաակաշվիլիի եղբորը հեռանալ երկրից
Այս բաժնից
1288 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1294 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ
1846 դիտում
16:07 05-01-2025
Եթե Տիրան Խաչատրյանը ճանաչվի մեղավոր, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի ավելի ծանր հանցագործության համար