Լոռու մարզի դպրոցների մի խումբ զինղեկներ պարգեւատրվել են
Հայոց բանակի 23-ամյակի կապակցությամբ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ պաշտպանության, Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների կողմից մի շարք գերատեսչական պարգևների են արժանացել Լոռու մարզի դպրոցների մի խումբ զինղեկներ, ուսուցիչներ և մարզպետարանի աշխատակից:
Պարգևները հանձնեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նա շնորհավորեց պարգևատրվողներին՝ բարձր գնահատելով նրանց ավանդը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրի արժանացավ Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գևորգ Կոստանյանը, Պաշտպանության նախարարության պատվոգրերի՝ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Լյովա Բարոյանը, Վանաձորի թիվ 12 հիմնական դպրոցի զինղեկ, պահեստազորի կապիտան Տիգրան Բոյնարգյանը, Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցի զինղեկ, պահեստազորի ավագ լեյտենանտ Ռուդիկ Ղահրամանյանը, Կաթնաջուր համայնքի միջնակարգ դպրոցի զինղեկ, պահեստազորի ավագ լեյտենանտ Արծրուն Նիկողոսյանը:
«Վազգեն Սարգսյան» մեդալ հանձնվեց Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի զինղեկ Հովհաննես Բաբայանին: