211652_close_icon
views-count3223 դիտում article-date 13:47 02-02-2015

Զինվորի ոտքը հեռացրել են, նրան օգնություն է անհրաժեշտ. տեսանյութ

Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, հայոց բանակի զինվոր 19-ամյա Մայիս Գեղամյանը զորակոչվել է զինծառայության 2013 թ.-ի հուլիսի 15-ին, սակայն, ինչպես ինքն է ասում, հասցրել է ծառայել ընդամենը 45 օր: Ֆիզիկապես առողջ երիտասարդի համար, ով ծառայության էր անցնել ԼՂՀ Մարտունի 2-ում, ծառայության 4-րդ օրը դարձել է ճակատագրական: «100 մետր թռիչք-վազքի ժամանակ ընկա ու շատ ուժեղ վնասեցի աջ ոտքիս ծունկը: Տարան բուժկետ, բայց ասացին, որ եթե այդպես գրանցեն, իրենց վրա ահագին խոսակցություն կգա: Ես էլ 4 օրվա ծառայող էի: Մտածելով, որ իրենց վրա խոսակցություն չգա` ասացի, մի գրեք, բայց ոտքս նայեք: Նույնիսկ վերքս չնայեցին»,- մեզ պատմում է Մայիս Գեղամյանը: Մայիսի վերքը լավացել է ու նա շարունակել է ծառայությունը: 15 օր անց նրան տեղափոխել են Ֆիզուլի, որտեղ որովայնի ցավեր է ունեցել: Մի քանի օր հետո հետազոտել են Մարտունու զինվորական հոսպիտալում, ու վիրահատել են կույրաղիքը: «Բժիշկն ասում էր` վեր կաց, քայլի, բայց ծունկս ցավում էր, արդեն այտուցված էր: Ասացի` նայեք ոտքս, բժիշկ: Նա պատասխանեց, որ ռենտգենոլոգը տեղում չէ: Փոխարենը ֆուրացիլինի թրջոցներ դրեցին ծնկիս»,-պատմում էր Մայիսը: Ծնկի շրջանում ցավերը գնալով ուժեղացել են, սակայն որևէ հետազոտություն նա չի անցել: Նույն վիճակում նրան ուղարկել են տուն` մայրական խնամքի: Մայրը` Գայանեն, նկատելով, որ որդին կաղալով է քայլում, Մայիսին տարել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: «Բժշկին ասացի` ոտքս ցավում է: Մորս ասաց` ձեր տղային ասեք, որ տենց չի լինի»,- հիշեց Մայիսը` նշելով, որ բժշկին թվացել է, թե ինքը չի ցանկանում ծառայության վերադառնալ ու պատճառ է բերում ոտքի ցավը: Մուրացանի հոսպիտալում չեն հասկացել, թե խնդիրը որն է, չեն հասկացել նաև Կանազի զինվորական հոսպիտալում: Մայիսին ուղեգրել են Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն (Ռենտգեն ինստիտուտ), որտեղ կատարվել է բիոպսիա ու պարզվել, որ ծնկի նախկին վնասվածքի տեղում առաջացել է չարորակ ուռուցք (օստեոգեն սարկոմա): Մայիսը ստացել է քիմիոթերապիայի մեկ կուրս, ապա կրկնակի ախտորոշում է անցել Կանայան բժշկական կենտրոնում, որտեղ հերքվել է սարկոմայի ախտորոշումը, փոխարենն ասել են, որ նրա մոտ ոսկրի սովորական գերաճ է (օստիոմա): Այս ախտորոշումից հետո Գեղամյանների ընտանիքը հրաժարվել է քիմիոթերապիայի կուրսերից: Սակայն այս տարվա մայիսից տղայի ոտքն էլ ավելի է այտուցվել: Կատարվել է MRT հետազոտություն ու հաստատվել առաջին ախտորոշումը`օտրեոգեն սարկոմա։ Գեղամյան ընտանիքը դիմել է Պաշտպանության նախարարություն` արտասահմանում բուժում ստանալու խնդրանքով: Նշենք, որ Մայիս Գեղամյան զինվորը համարվում է ՊՆ-ի երկրորդ կարգի հաշմանդամ, քանի որ հիվանդությունը ձեռք է բերել ծառայության ընթացքում: Սակայն ՊՆ-ից հայտնել են, որ արտերկրում բուժման կազմակերպման կարգ չունեն: Մերժում ստանալուց հետո ընտանիքը դիմել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն: Գտնվելով ծայրահեղ վիճակում (ընդհուպ մինչև թոքերում մետաստազների առկայություն)` տղայի աջ ոտքը Ռենտգեն ինստիտուտում ամպուտացվել է: Վիրահատությունից հետո թոքերի մետաստազների զարգացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է բուժում ստանալ արտերկրում` Գերմանիայում կամ Պետերբուրգում: Չունենալով արտասահմանում բուժումը ստանալու հնարավորություն` Մայիս Գեղամյանը դիմում է մարդկանց, բարերարներին, կազմակերպություններին օգնել իրեն ապրել` շեշտելով, որ հրաշքների հավատում է: Ասում է, որ երազանքներ չունի, ունի նպատակներ` նախ սովորել ԵՊՀ-ում, լինել լավ մարդ, ընտանիք կազմել: «Կառավարության վրա հույս չեմ էլ դնում, ով նստած է ազգային ժողովում, կարող է ձեռքի մեկ շարժումով այս հարցը լուծել»,-ասաց Մայիսը: 19-ամյա Մայիս Գեղամյանի հայրը 2-րդ կարգի հաշմանդամ է, քույրը` ուսանող, ով պատրաստվում է թողնել բուհն ու աշխատել, եղբայրը անչափահաս է, տատիկը թոշակառու, մայրը չի աշխատում, խնամում է իրեն: Մայիս Գեղամյանի հոր` Պետրոս Գեղամյանի անունով «ՎՏԲ-Հայաստան» բանկում բացվել է հաշվեհամար. [b]AMD-16004103765804 USD- 16004103765805 EUR- 16004103765806 RUR- 16004103765807 SWIFT: ARMJAM22[/b] Մայիս Գեղամյանի մոր՝ Գայանեի համարն է՝ [b]+37493 81-88-04[/b], հոր՝ Պետրոսի համարն է՝ [b]+37498 65-01-10[/b]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր