Արագածոտնիում 11 ընտանիք բնակարան է ստացել
Ավարտվել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Շիրակացի 5 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի հիմնանորոգումը: Ծրագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգյանի խոստումներից մեկն է, որի համաձայն` 1988 թվականի երկրաշարժի ժամանակ վթարված այս շենքը հիմնովին վերանորոգվեց եւ հանձնվեց շահագործման:
Հինգհարկանի շենքի վերջին` 5-րդ հարկը ապամոնտաժվեց, եւ ամրացման ու հիմնանորոգման աշխատանքներից հետո շահագործման հանձնվեց 4 հարկանի կառույցը, որն ունի 40 բնակարան:
Ծրագիրն իրականացնելու համար ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Շենքը հանձնվելու է երկրաշարժի ժամանակ բնակելի տարածք կորցրած եւ այնուհետեւ որեւէ տեսակի փոխհատուցում չստացած ընտանիքներին:
Առաջին սեփականատերերը` 11 ընտանիք, բնակարաններն ընտրեցին իրենք` վիճակահանությամբ: Եւս 4 բնակարան հանձնվեց իբրեւ ծառայողական բնակարան, որոնց վիճակահանությունը կատարվեց պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցչի կողմից:
Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունը: