211652_close_icon
views-count5010 դիտում article-date 22:21 29-01-2015

Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի շնորհավորական ուղերձը երիտասարդներին Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ

Իմ սիրելի' երիտասարդներ, Սբ Սարգիս Զորավարի տոնի եւ Երիտասարդների օրհնության օրվա առթիվ մեր հայրական սերն ու օրհնությունն ենք հղում ձեզ: Սարգիս Զորավար սրբի կերպարում հայ ավանդապաշտ ժողովուրդը դարեր շարունակ խտացրել է քաջության, անձնազոհության, արդարության մարտիկի իր պատկերացումները, իսկ երիտասարդները անվարան սիրով շարունակաբար սրբի բարեխոսությունն են հայցել իրենց ամենանվիրական երազանքների եւ իղձերի իրականացման համար: Արդարեւ, ի՞նչ է երիտասարդությունը, եթե ոչ Աստծո սիրառատ պարգեւ: Երբ մանուկ ենք, չգիտենք՝ ինչ բան է առաքինությունը, չունենք իմաստություն, չենք ճանաչում մեղքը եւ չգիտենք մեր քրիստոնյա լինելու արժեքն ու դրա խրթին ճանապարհները: Երբ ծերանում ենք, այլեւս չենք ունենում ուժ, կարողություն եւ շատ հնարավորություններ` երկնքում գանձեր դիզելու համար: Ուրեմն, քրիստոնյայի համար առաքինություններ ձեռք բերելու եւ Աստծո, հայրենիքի եւ մարդկության համար մատուցվելիք ծառայության ամենաբեղուն շրջանը երիտասարդությունն է: Երիտասարդությունը շնորհ է, Աստծո պարգեւ, երանելի ժամանակ, թանկագին հարստություն: Երիտասարդության շրջանը կարճ է, ուստի մեղք է` մսխել այն ու ծառայեցնել անցողիկ երեւույթների: Սիրելինե՛ր, գերի մի՛ դարձեք ժամանակակից հաղորդակցական այն նորարարություններին, որոնց միջոցով հաճախ պարտադրվում են հոռի կերպարներ եւ երեւույթներ, որոնք այլանդակում են մեր աստվածային նկարագիրը: Անկախ նրանից, թե ինչ է այսօր մեզ թելադրվում, առավել շատ դու՛ք պետք է քաջություն ունենաք ընդդիմանալու եւ ալիքներին հակառակ լողալու... Փոխարենը՝ ձեր սրտում ավելի շատ ժամանակ հատկացրեք Աստծուն, ընտանիքին, ընկերներին, միմյանց... Մաղթանքս է, որ Ամենակալն Աստված Սբ Սարգսի բարեխոսությամբ իր հանապազ օրհնության ներքո պահպանի ձեզ, քրիստոնեական սերը վառ պահի ձեր հոգիներում եւ Սբ զորավարի բարեխոսությամբ` առաջնորդի եւ ի բարին կատարի ձեր բոլոր աստվածահաճո իղձերն ու նպատակները: ՀԱՅՐԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ` ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՉՈՒԼՋՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ

Նմանատիպ նյութեր