211652_close_icon
views-count2500 դիտում article-date 14:07 28-01-2015

Հայոց բանակի օրվա կապակցությամբ նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Երևանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց. լուսանկարներ

Հայոց բանակի օրվա կապակցությամբ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Երևանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց, որտեղ մասնակցել է դպրոցում կազմակերպված տոնական միջոցառմանը: Ողջունելով դպրոցի մանկավարժներին և աշակերտներին, նախարարը նշել է. «Այսօր ՀՀ բոլոր դպրոցներում մեր աշակերտներն ու մանկավարժներն առաջին անգամ բոլորը միասին նշում են Հայոց բանակի ծննդյան օրը: Դժվար է գերագնահատել մեր պաշտպանական կառույցի դերը մեր նորանկախ պետության պատմության մեջ: Առանց ազգային բանակ չկա հայոց պետություն և հակառակը` առանց հայոց պետության չկա ազգային բանակ: Մենք բոլորս` լինելով ՀՀ քաղաքացիներ, հպարտության և արժանապատվության զգացում ունենք` հայոց բանակն ունենալով որպես մեր պետականության ամենաառաջին զավակներից մեկը, բայց ամենասիրված զավակը: Այս տարիների ընթացքում հազարավոր հայորդիներ իրենց պարտքն են կատարել` մեր երկրի սահմաններն անառիկ պահելով արտաքին թշնամիներից, հարյուրավորները զոհվել են: Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք մեր բոլոր նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հանուն Հայաստանի ներկայի և ապագայի: Փառք տանք բոլոր այն զինվորներին, ովքեր զոհվել են հանուն հայրենիքի»,- նշել է նախարարը և հավելել. «Սիրելի մանկավարժներ, կրթական համակարգի դերն այսօր միայն գիտելիքի փոխանցումը չէ. մենք կերտում ենք նոր սերունդ, որը ժամանակակից, բայց նախևառաջ հայ սերունդ է, սերունդ, որն ունի ժամանակակից գիտելիքներ և արդիական տեխնոլոգիաներից օգտվելու կարողություններ, բայց միաժամանակ իր մեջ կրում է իր ազգի արժեքների այն ողջ համախումը, որ մեզ պահել և պահելու է որպես հայ: Եվ այդ արժեքների մեջ գերագույնը սեփական հայրենիքի նկատմամբ տիրոջ զգացումն է, որը ձեզ հետ միասին փոխանցում ենք մեր երիտասարդներին, ովքեր վաղը ծառայելու են մեր սահմաններին: Այս սերունդը հատուկ սերունդ է. սերունդների միջև պայքարը միշտ էլ ակնհայտ է եղել, բայց ես վստահ եմ, որ այսօրվա մեր աշակերտների սերունդը եթե տային Գարեգին Նժդեհին, նա կարող էր կերտել մեր ժողովրդի մշտական տեղն արևի տակ: Սա այն սերունդն է, որն իր գիտելիքներով և ունակություններով, իր ազատություններով ու ազատամտությամբ գերազանցում է ցանկացած այլ սերնդի, որ ծնվել է Հայաստանում: Խաղաղություն մեր ժողովրդին, ուժ ու կորով հայ զինվորին, վստահություն նրանց, ովքեր օր ու գիշեր կերտում են մեր անկախությունն ու անվտանգությունը: Մենք չզորակոչված զինվորներ ենք. Հայաստանի մանկավարժների բանակն այսօր համադրելի է Հայոց բանակի հետ և' իր հայրենսաիրությամբ, և' իր քանակով: Շուրջ քառասուն հազար մանկավարժ և չորս հարյուր հազար աշակերտ այսօր կանգնած են հայ զինվորի կողքին»,- նշել է նախարարը: Հայոց բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումներ այսօր անցկացվել են հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր