211652_close_icon
views-count2382 դիտում article-date 15:55 26-01-2015

Ես մինչև վերջ պիտի բողոքեմ, քանի որ երեխու արյուն ծախող չեմ. տուժող. Վարդան Պետրոսյանի դատավարությունը կրկին լարված է անցնում

Ես մինչեւ վերջ պիտի բողոքեմ, քանի որ երեխու արյուն ծախող չեմ: Իսկ դուք բոլորդ էլ, երեւի, կծախեք։ Այս մասին այսօր Վարդան Պետրոսյանի դատավարության ժամանակ արձագանքեց տուժող Արթուր Հակոբյանը՝ դիմելով Պետրոսյաններին, ինչը վրդովեցրեց Վարդան Պետրոսյանի քրոջը` Աշխեն Պետրոսյանին: Երկու կողմերի միջեւ վիճաբանություն սկսվեց, ինչից հետո դատավորը Աշխեն Պետրոսյանին հեռացրեց նիստերի դահլիճից:Արթուր Հակոբյանը, շարունակելով իր խոսքը, ասաց. «Ես քեզ ճանաչե՞լ եմ, ես քեզանից փող ուզած կա՞մ: Ես քեզ ճանաչել եմ՝ որպես դերասան, որպես հայ մարդ: Իսկ իննսունական թվերին թողեցիր, գնացիր՝ փրփուրով վաննա ընդունելու համար»: Ավելացրեց նաև, որ պատասխան են տալու այն «մեծ ամանով ճաշի համար, որը եփել են»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր՝ հունվարի 23-ի ճառում հայտարարել էր, որ Վ. Պետրոսյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է: «Այստեղ անգամ օբյեկտիվության նշույլ չկա»,-ընդգծել էր պաշտպանը: Իր հերթին դերասանի մյուս պաշտպանը՝ Մարի Լոռ Դոզեն, ասել էր, որ հետեւելով դերասան Վարդան Պետրոսյանի դատական գործի ընթացքին՝ կարծես «Ռիալիթի շոու»-ի է հետեւել: «Ոչ ոք չի կարող ինձ ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը մեղավոր է այն արարքի համար, որը դուք քննում եք: Պաշտպանական կողմն ապացուցեց նրա անմեղությունը»,-ասել էր նա: Պաշտպանական ճառի ժամանակ ծափահարություններ էին հնչել, ինչը զայրացրել էր տուժողների իրավահաջորդներին եւ վերջիններս արգելել էին ծափահարություններ հնչեցրել՝ դժգոհելով, թե երեխաների գլուխը կերել են, հիմա էլ ծափեր են հնչեցնում: Նրանք այնքան էին բորբոքվել, որ հեռացել էին նիստերի դահլիճից: Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը, ում համար մեղադրողը պահանջել էր 6 տարի 6 ամիս ազատազրկում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2013 թվականի հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Լուսանկարը՝ Լևոն Ամիրզյանի

Նմանատիպ նյութեր