ԱԺ-ում պատգամավորները Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ Պերմյակովը միայնա՞կ է գործել, թե՞ ոչ
Գյումրիի դաժան ոճրագործության շուրջ ԱԺ-ում հրավիրած լսումների ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեց, թե ոճրագործ Վ. Պերմյակովը ունեցել է հանցակից, թե ոչ, ինչին ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց. «Ունեցել է հանցակից, թե ոչ, այդ հարցին կպատասխանենք քննության ավարտից հետո»:
Արձագանքելով Խոսրով Հարությունյանի հարցին՝ Գ. Կոստանյանը նշեց, որ ռուսական ռազմաբազայի տարածքը ՌԴ տարածք չի հանդիսանում, սակայն այնտեղ ռուսական օրենսդրության իրավազորությունն է գործում: Այն կարգավորվում է 1997թ. կնքված երկկողմ պայմանագրով:
Դատախազի խոսքով՝ ուսումնասիրվում են նաեւ
ռուս սահմանապահների գործողությունները, որի համաձայն Պերմյակովին հանձնել էին ռազմաբազային:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային Ժողովում այսօր ` հունվարի 22-ին քննարկում է հրավիրվել եւ ընթանում Գյումրիում Վ. Պերնակովի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի ոճրագործության շուրջ:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը իր խոսքում նշել էր, որ որեւէ մեկը չի կարող կասկածել, որ հանցագործը ստանալու է ամենախիստ պատիժը, բայց դա քիչ է: «Անձամբ ինձ, որպես հանձնաժողովի նախագահ, հայ մարդ հետաքրքրում է, թե ինչպես եւ ինչու տեղի ունեցավ այս հանցագործությունը»,- ասել էր Հովհաննես Սահակյանը:


