1285 դիտում
13:30 21-01-2015
Երևանում վերականգնվելու է Հայոց Ցեղասպանության «հասակակիցը»
Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնող առաջին կտավներից մեկը ժամանակավոր հանգրվան է գտել Հայաստանի ազգային պատկերասրահում: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ-ի պաշտոնական կայքից:
Հայազգի նկարիչ Ակիմ Ավանեսովի՝ 1914-1915 թթ. ստեղծած «Դարից դար» կտավը Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցը վերամշակման և ցուցադրության համար այսօր հանձնեց Հայաստանի ազգային պատկերասրահին: Ծրագիրն իրականացվում է Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի ջանքերով՝ Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ:
«Այս կտավի կարևորությունն այն է, որ ստեղծվել է հենց Ցեղասպանության իրականացման ընթացքում: Ավանեսովն առաջին անգամ իր նկարը ներկայացրել է Ռուսաստանում 1915 թ-ին, որպեսզի այդ ձևով բարձրացնի Հայոց ցեղասպանության խնդիրը: Նա փորձում էր իր արվեստի միջոցով կասեցնել այդ ամենը»,- ասում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:
Ուղիղ 100 տարվա պատմություն ունեցող կտավը 1972 թ-ին հեղինակի հարազատները հանձնել են Ռոստովի երկրագիտական թանգարանին, սակայն այն մոռացության էր մատնվել: Միայն երկու տարի առաջ հայկական համայնքի ջանքերով սկսվեց փաստաթղթային գործընթացը` այն Հայաստան բերելու և վերականգնելու համար:
«Այսօր ներկայացնում ենք 20-րդ դարի մի հրաշալի նկարչի, ով ապրել է Ռոստովում: Մի քանի ամիս առաջ, երբ մենք Ռոստովից Հայաստան բերեցինք Սարյանի և այլ նկարիչների ստեղծագործություններ, ծանոթացանք նաև այս նկարի հետ: Խոստացանք, որ պատկերասրահն անպայման կվերականգնի այս կտավը: Այսօր ևեթ այն կհանձնենք մեր ռեստավրացիոն արվեստանոցին»,- նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը:
«Այս կտավը վերականգնելու համար բավականին երկար ժամանակ չէինք կարողանում միջոցներ հայթայթել: Եվ բարեբախտաբար Հայաստանի ազգային պատկերասրահը մեզ օգնության հասավ ու խոստացավ վերականգնել նկարը՝ պահպանելով պատմականությունը»,- ուրախությամբ փաստեց Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը:
Պատկերասրահի ռեստավրատորներից կպահանջվի շուրջ 2 ամիս` կտավը վերականգնելու համար: Ապրիլի 24-ին այն ցուցադրության կդրվի հենց պատկերասրահում, ապա Երևանի պետական համալսարանում: Այնուհետև կտավը կվերադարձվի Դոնի Ռոստով և մշտական ցուցադրության կդրվի Հայ-ռուսական բարեկամության թանգարանում:
«Կտավն առաջին անգամ տեսել եմ 2-3 ամիս առաջ Ռոստովում: Այն ծայրահեղ վատ վիճակում է, պետք է տեղափոխենք 2-րդ հիմքի վրա, որպեսզի հնարավոր լինի վերականգնել: Կտավը վերականգնելու համար աշխատելու են շուրջ 8 մասնագետներ»,- ասաց պատկերասրահի ռեստավրացիոն բաժնի ղեկավար Իգոր Պողոսյանը:
Ակիմ Ավանեսովը եղել է Դոնի Ռոստովի նկարիչների միության առաջին նախագահը և Հովհաննես Այվազովսկու մտերիմ ընկերներից մեկը: Նա ծնվել է (1883-1966 թթ.) Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում: Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Նոր Նախիջևանում, հաճախել տեղի հայկական հոգևոր վարժարանը:
Նմանատիպ նյութեր
4550 դիտում
16:54 16-04-2018
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍԱԿԱԿԻՑԸ. 100-ամյա ծառայություն. ՏԵՍԱՖԻԼՄ
Այս բաժնից
1633 դիտում
15:03 10-01-2025
«Հեռու եմ»․ Երգչուհի Սիրուշոն նոր երգ է ներկայացրել
1252 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան