ԼՂՀ վարչապետը մասնակցել է գյուղատնտեսական առաջին կոոպերատիվի շնորհանդեսին
                        Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 15-ին այցելել է Ճարտար քաղաք և մասնակցել համայնքի գյուղատնտեսական կոոպերատիվ տնտեսության ծրագրի շնորհանդեսին: 
Վարչապետը ողջունելի է համարել Ճարտարի բնակչության նախաձեռնությամբ ստեղծվող գյուղատնտեսական առաջին կոոպերատիվը և նշել, որ ժամանակը ցույց է տվել, որ կոլեկտիվ տնտեսությունների լուծարումից հետո Արցախում գյուղատնտեսությունը լուրջ հետընթաց է ապրել: Նա շեշտադրել է, որ ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրի համաձայն՝ կառավարությունը մեծապես աջակցում է համայնքներում կոոպերատիվների ձևավորման և զարգացման գործընթացին:
Ա. Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ նոր կազմավորվող կոոպերատիվը նպաստելու է Ճարտարի երբեմնի գյուղատնտեսական հնարավորությունների վերականգնմանը, որն իր դրական ազդեցությունը կունենա բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման վրա: Բացի գյուղատնտեսական կուլտուրաների մշակումից, այն կզբաղվի նաև վերամշակման գործունեությամբ՝ սեփական արտադրանքը հանելով շուկա: 
Ժամանակակից կոոպերատիվ տնտեսությունների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանը, ով, մասնավորապես, նշել է, որ աշխարհի առաջատար ագրարային տնտեսություններ ունեցող երկրներում կոոպերատիվ համակարգը մեծ տարածում ունի և ընկած է դրանց հաջողությունների հիմքում: Ժ. Միրզոյանն անդրադարձել է նաև Ճարտարի կոլտնտեսության շրջանի և անցած տարում արձանագրված գյուղմթերքի ցուցանիշների տարբերությանը՝ մատնանշելով գրանցված անկման չափերը: Նա հավելել է, որ արդի կոոպերատիվ և նախկին կոլեկտիվ տնտեսությունների միջև էական տարբերություններ կան: Մասնավորապես, կոոպերատիվ տնտեսությունները ձևավորվում են կամավոր և փայատիրական սկզբունքով՝ հիմքում ունենալով կոլեկտիվ շահի գիտակցությունն ու համատեղ աշխատանքը: 
Այնուհետև վարչապետի մասնակցությամբ տեղի է ունեցել տարբեր հարցերի շուրջ քննարկում, որին մասնակցում էին պատասխանատու պաշտոնյաներ, բարերաներ և համայնքի բնակիչներ: Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է նաև բնակիչներին հուզող այլ հարցերի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

