211652_close_icon
views-count2412 դիտում article-date 19:21 09-01-2015

Դեսպան Ղազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նախագահին

Հունվարի 8-ին Լեհաստանի նախագահական նստավայրում` «Բելվեդերյան» պալատում, Լեհաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Էդգար Ղազարյանն իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն: Նախագահական պալատի մուտքի մոտ տեղի ունեցավ դեսպանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի սկզբում հնչեց ՀՀ պետական օրհներգը: Զինվորական ողջույնին հաջորդեց հավատարմագրերի հանձնման արարողությունը և Լեհաստանի նախագահի առանձնազրույցը դեսպանի հետ: Շնորհավորելով և ողջունելով դեսպան Ղազարյանին` նախագահ Կոմորովսկին հույս հայտնեց, որ դեսպանը լավագույնս կնպաստի Հայաստան - Լեհաստան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Լեհաստանի նախագահը շեշտեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած իր բարեկամության և փոխայցերի ընթացքում ձևավորված դրական հիշողությունների մասին՝ խնդրելով դեսպանին իր ողջույնները փոխանցել Հայաստանի նախագահին: Իր հերթին դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և փոխանցեց ՀՀ նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները Լեհաստանի նախագահին ու ժողովրդին՝ նշելով, որ Հայաստանի և Լեհաստանի միջև պատմության ընթացքում ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, և ՀՀ իշխանությունները ձգտում են զարգացնել և ամրապնդել դրանք բոլոր բնագավառներում։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, Հայաստան - ԵՄ հարաբերություններին, կարևորվեց համագործակցության և երկխոսության ոգով դրանց հետագա զարգացումը: Դեսպան Ղազարյանը նշեց, որ 2015թ. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և շնորհակալություն հայտնեց Լեհաստանին` Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու համար: Հանդիպման վերջում, ուրախությամբ արձանագրելով Էդգար Ղազարյանի առաջին դեսպանական նշանակումը Լեհաստանում, նախագահ Կոմորովսկին ևս մեկ անգամ շնորհավորեց ՀՀ դեսպանին՝ հաջողություններ մաղթելով նրան հետագա աշխատանքում: Այնուհետև դեսպանը ծաղկեպսակ դրեց և հարգանքի տուրք մատուցեց Վարշավայի «Պիլսուդսկի» հրապարակում տեղակայված «Անհայտ զինվորի» հուշահամալիրին՝ գրառում կատարելով պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նմանատիպ նյութեր