Հրազդան քաղաքում 50-ամյա վարորդը Mersedes-ով բախվել է Volkswagen-ին, կան վիրավորներ
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հատկապես կարեւոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 4-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 19:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում, Վանատուր թաղամասում դեպի Հրազդան ընթանալիս Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ, 50-ամյա Գարեգին Խաչատրյանը իր վարած Mersedes մակնիշի 51 AV 100 համարանիշի ավտոմեքենայով բախվել է հանդիպակաց ընթացող Հրազդան քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ, 32-ամյա Հայկ Բեգլարյանի վարած Volkswagen Գոլֆ մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Ֆոլցվագենի ուղեւորներ, 28-ամյա Հենրիկ Հակոբյանը, 28-ամյա Արսեն Սարգսյանը եւ Mersedes-ի վարորդ Գ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները եւ Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի