211652_close_icon
views-count4856 դիտում article-date 17:25 03-01-2015

Ադրբեջանի սանձազերծած ցանկացած սադրանք այս տարի էլ խստագույնս պատժվելու է. ՊՆ

Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական եւ ռազմական ղեկավարության նենգ քաղաքականության արդյունքն է եւ ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը: Այս մասին ասված է Հայաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է. «Ս.թ. հունվարի 2-ին եւ 3-ին ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում, հակառակորդի կողմից ԼՂՀ պաշտպանական բանակի հարավային եւ արեւելյան դիրքերի ուղղությամբ տեղի են ունեցել դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր: Պաշտպանական բանակի զինծառայողների զգոն եւ համադրված գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով: Ցավոք, հայկական կողմը նույնպես ունի կորուստներ: ՀՀ պաշտպանության նախարարությունը իր ցավակցությունն է հայտնում մարտական գործողութունների ընթացքում իրենց կյանքը հերոսաբար Հայրենիքին նվիրաբերած զինծառայողների հարազատներին եւ կիսում կորստյան ծանր վիշտը: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական եւ ռազմական ղեկավարության նենգ քաղաքականության արդյունքն է եւ ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը: Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության եւ մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ուշադրությունն է հրավիրում այն անպատասխանատու քաղաքականության վրա, որը, փաստորեն, 2015թ. սկզբից եւեթ վերսկսել է Ադրբեջանի իշխանությունը եւ վերահաստատում է միջազգային հանրության կողմից նման քաղաքականության հասցեական դատապարտման անհրաժեշտությունը: Ադրբեջանի ղեկավարության սանձազերծած ցանկացած սադրանք 2015 թվականին նույնպես խստագույնս պատժվելու եւ անխուսափելիորեն հանգեցնելու է ադրբեջանական զինված ուժերի մեծաքանակ կորուստների, որոնց ամբողջ պատասխանատվությունը կրելու են այդ պետության իշխանությունները»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/03/39084/]Shamshyan.com[/url]-ը , հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքերը: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր