Սյունիքի ժողովուրդը կանգնած է իր զինվորի կողքին. Սուրիկ Խաչատրյան
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այցելել է սահմանապահ զորամաս` Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ շնորհավորելու սպաներին, ենթասպաներին ու զինվորներին:
Հանդիսավոր տողանի կանգնած զինծառայողներին դիմելով` մարզպետն ասել է. «Դուք պաշտպանում եք անկախ ու ինքնիշխան պետության արևելյան սահմանը և ձեր հերոսական ծառայության շնորհիվ է պահպանվում խաղաղությունը: Սյունիքը միշտ անառիկ է եղել իր քաջարի պաշտպաններով և երկար դարեր ապրել է անկախ ու ինքնիշխան: Այսօր դուք եք մեր երկրի զինվորները և դուք եք զենքը ձեռքին պաշտպանում մեր երկիրն ու ձեր ծնողներին: Թող 2015թ.-ը լինի խաղաղության տարի, և դուք ծառայեք անամպ երկնքի տակ: Հիշեք` Սյունիքի ժողովուրդը կանգնած է իր զինվորի կողքին և ամեն օր պատրաստ է հանուն հայրենիքի կռվելու»:
Սյունիքի մարզպետը զորամասին հանձնել է ամանորյա նվերներ, տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը: