211652_close_icon
views-count61879 դիտում article-date 09:41 25-12-2014

Ողբերգական ավտովթար՝ Փարաքարում. Mercedes-ը, բախվելով պատին, 30 մետր շպրտվելով՝ հայտնվել է ճանապարհին. կա 3 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել և, ըստ ահազանգողների, կան զոհեր: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ աշխատակիցները՝ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանի և Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներն իրականացնող կենտրոնի խումբը: Պարզվել է, որ ժամը 01:50-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 DZ 281 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Էջմիածին ընթանալիս Փարաքար գյուղի վարչական շրջանում դուրս է եկել ճանապահի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին կառուցված պատին, այնուհետ մոտ 25 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով վարորդն ու ավտոմեքենայի մեջ գտնվող 2 ուղևորները տեղում մահացել են: Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջ-փրկարարների ու ՃՈ աշխատակիցների ժամանումը, ավտոմեքենայից 1 հոգու դուրս են բերել քաղաքացիները, որից հետո օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Էջմիածնի հիվանդանոցի շտապ օգնության բրիգադները տեղում փորձել են առաջին բուժօգնությունը ցուցաբերել, սակայն, ցավոք, երեքն էլ արդեն մահացած էին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածներից 2-ին քաղաքացիները, հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայից գրեթե 30 և 60 մետր դուրս, քանի որ ավտոմեքենայի՝ պատին բախվելուց հետո նրանք շպրտվել էին դուրս: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Սևակ Խաչատրյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեռևս որոշ տվյալներ են պարզվել մահացածների մասին. Նրանք են՝ 25-ամյա Սարգիս Վաչագանի Դադաշյանը, 23-ամյա Պողոս Հովհաննեսի Թուսունյանը և Ստեփան Յուրիի Գոմցյանը: Մնացած տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Պարզվում է նաև, թե մահացածներից ով է վարել ավտոմեքենան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր