211652_close_icon
views-count775 դիտում article-date 19:22 22-12-2014

«Հայրենասիրության դաս»՝ Դարբնիկում

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) նախաձեռնել էր բարեգործական մի ձեռնարկ, որի շնորհիվ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, օգնություն ցուցաբերվեց Արարատի մարզի Դարբնիկ գյուղում բնակվող փախստական ու հայրենադարձ ընտանիքներին: Դարբնիկը փոքրիկ գյուղ է, որի շուրջ 1400 բնակիչների 90 տոկոսը Հայաստանում ապաստան գտած սիրիահայ, իրաքահայ եւ ադրբեջանահայ ընտանիքներ են: Այս անձիք, անցնելով դժվարին եւ վտանգավոր պայմանների միջով, հաստատվել են Հայրենիքում: Նրանց կենսապայմանները բարվոք չեն, բացակայում են անհրաժեշտ կենցաղային պայմաններ, տրանսպորտի խնդիրը նույնպես դեռեւս չլուծված առաջնային խնդիրների շարքում է: Այս ամենի հետ մեկտեղ Դարբնիկում բնակվող փախստական ընտանիքներն ունեն նաեւ հասարակական-քաղաքացիական կյանքում ներգրավվելու խնդիր: Երիտասարդական ակումբների դաշնության «Ձեռք ձեռքի` Դարբնիկի համար» բարեգործական ձեռնարկի նպատակն էր Ամանորի նախաշեմին դույզն-ինչ թեթեւացնել կարիքավոր ընտանիքների հոգսերը. Դարբնիկ գյուղի բնակիչներին բաշխվեց ավելի քան 16 արկղ հագուստ, 7 արկղ խաղալիք, գրենական պիտույքներ եւ առաջին անհրաժեշտության այլ իրեր: «Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Երիտասարդական ակումբների դաշնությանը, որն արդեն երկրորդ անգամ է այցելում մեր գյուղ եւ օգնում դժվարին պայմաններում ապրող ընտանիքներին», - իր խոսքում նշեց Դարբնիկի գյուղապետ Դավիթ Գզիրյանը: «Դարբնիկի դպրոցահասակ երեխաների պատրաստած ամանորյա փոքրիկ միջոցառումը հագեցած էր հայրենասիրության ոգով ու լավագույն փոխհատուցումն էր մեր կազմակերպության կամավորների, բազմաթիվ բարերարների կատարած աշխատանքի դիմաց», - ասաց ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը, ավելացնելով, որ նրանք արդեն սեփական Հայրենիքում են եւ սեփական օրինակով հայրենասիրության դասեր են տալիս շատերին: Երիտասարդական ակումբների դաշնության այս նախաձեռնությանը միացել եւ իրենց ներդրումն են ունեցել նաեւ Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ, Արարատյան Հայրապետական թեմը, Չարենցավանի երիտասարդական ակումբը, «Բարեկամություն» հասարակական կազմակերպությունը, Երեւանի կանանց միջազգային միավորումը, մի շարք անհատներ Հայաստանից ու Սփյուռքից:

Նմանատիպ նյութեր