211652_close_icon
views-count3138 դիտում article-date 11:03 09-08-2014

Հայրենասիրության դաս՝ հայրենի սահմանները պաշտպանելիս զոհված Արմեն Հովհաննիսյանի տանը

Օգոստոսի 8-ին «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունն ամփոփել է «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ծրագիրը։ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների շուրջ 35 պատանիներ ու երիտասարդներ նախ եղել ռազմաավիացիոն ինստիտուտում, այցելել են կենտրոնական ռազմական հոսպիտալ, որտեղ տեսակցել են հուլիսի 31-ին՝ հակառակորդի հարձակման ժամանակ, թշնամու հետ ձեռնամարտի բռնված, ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին դիմագրաված և վերջիններիս փախուստի մատնած Նորայր Քամալյանին։ Պատանիներն իրենց երախտագիտությունն են հայտնել մերօրյա հերոսին իր սխրանքի համար՝ շուտափույթ առողջություն մաղթելով նրան։ Այս մասին է տեղեկացնում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Հաջորդ այցելությունը «Եռաբլուր» պանթեոն էր, որտեղ ծրագրի մասնակիցները խոնարհվել են զինվորական պանթեոնում հանգչող հերոսներին, ծաղիկներ դրեցին 2014թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի շիրմին։ «Պատիվ ունեմ» ծրագիրն ամփոփվել է Արմեն Հովհաննիսյանի տուն այցելությամբ։ Պատանիները հանդիպել են Արմենի ծնողների հետ, ծանոթացել նրա անձնական իրերին, լսել հուշեր Արմենի մասին։ Տեղեկանալով, որ պատանիներն իրենց այցելել են հոսպիտալից՝ Արմեն Հովհաննիսյանի մոր՝ տիկին Մարինեի, առաջին հարցն է եղել՝ ինչպե՞ս է վիրավոր Նորայր Քամալյանը։ Արեմենի մայրը նշել է, որ իրենց տունը միշտ լիքն է այցելուներով։ Ծանոթ-անծանոթ, երեխաների ձեռքը բռնած, մշտապես գալիս են, լինում Արմենի փառքի սենյակում։ Տիկին Մարինեն հայրենասիրական ինքնատիպ դաս է անցկացրել Գեղարքունիքից ժամանած երեխաների համար։ «Մենք սակավաթիվ ազգ ենք, և խիստ անհրաժեշտ է, որպեսզի հայրենասիրությունը փոքր տարիքից սերմանվի երեխաների մեջ։ Մենք պետք է համախմբված լինենք, որպեսզի կարողանանք դիմագրավել արտաքին թշնամիներին։ Մեզ պետք է հզոր բանակ, իսկ հզոր բանակի գրավականը հայ զինվորն է, ով առանց վարանելու պետք է անցնի ժամկետային զինծառայությունը։ Այսօր զինվորները շատ ավելին են անում, քան մենք՝ թիկունքում գտնվողներս, ուստի չպետք է մոռանանք նրանց։ Մենք պետք է ուժեղ լինենք թիկունքում, որպեսզի տղաները մեզանից ուժ ստանան։ Եթե մենք այսօր գլուխներս դնում ու հանգիստ քնում ենք, մեր տղաների շնորհիվ է։ Մատաղ սերունդը պետք է հասկանա, որ սահմանները պաշտպանելով, ոչ միայն ընտանիքն են պաշտպանում, այլև իրենց ապագա զավակների բաժին հայրենիքը»,- ասում է տիկին Մարինեն։ Արմեն Հովհաննիսյանի փառքի սենյակում պատանիները կատարեցին հայրենասիրական երգեր, գրառումների տետրում թողեցին իրենց երախտիքի խոսքերը։ Նշենք, որ «Պատիվ ունեմ» ծրագիրն անցկացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր