Կառավարությունում քննարկվել են ֆինանսական շուկայի կայունացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ֆինանսական շուկայի իրավիճակին նվիրված խորհրդակցություն՝ ՀՀ-ում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների եւ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկայում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները եւ հետագա քայլերը: Երկուստեք կարեւորվել է լողացող փոխարժեքի քաղաքականության շարունակումը՝ տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար: Միաժամանակ կարեւոր են համարվել ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը եւ սպառողական ապրանքների անհիմն թանկացումների բացառմանն ուղղված գործողությունները:
ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ կառավարության եւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից գործադրվող ջանքերը եւ ձեռնարկվող միջոցառումները, կարեւորել ֆինանսական շուկայի կայունացմանն ուղղված հետագա համատեղ աշխատանքը: