211652_close_icon
views-count977 դիտում article-date 23:29 17-12-2014

Կնոջ դերակատարությանը նվիրված միջոցառում` Վրաստանի հայ կանանց նախաձեռնությամբ

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ երեկո՝ նվիրված հոգևոր և աշխարհիկ կյանքում հայ կնոջ դերակատարությանը: Միջոցառումը նախաձեռնել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը՝ Վիրահայոց թեմի հոգևոր դասի հետ համագործակցությամբ: Երեկոյին ներկա էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի կինը՝ տիկին Էլիոնորա Վարդանյանը: Բացելով երեկոն՝ Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը արժևորեց հայ կնոջ դերը հավատքի և հայրենիքի համար պայքարի առաջնագծում, ընդգծելով, որ այսօր էլ հայ կինը շարունակում է հավատարիմ մնալ իր Եկեղեցուն, իր լեզվին, իր ազգին: Հայ ժողովրդի պատմության բոլոր դարաշրջաններում կնոջ հայրենանվիրության մասին բանախոսեց Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողուհի Անժելլա Սարոյանը: Ներկաները հետաքրքրությամբ լսեցին հերոսական Սոսե Մայրիկի, առաջին հայ դիվանագետ կնոջ՝ Դիանա Աբգարի, առաջին արևմտահայ կին գրող Զապել Եսայանի և Արցախյան պատերազմում հայ կին հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի մասին: Երեկոն հոգեթով երգերի հիասքանչ կատարումներով գեղեցկացրեց Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախումբը՝ խմբավար Սվետլանա Տատոևի գլխավորությամբ և Կարեն Միրզոյանի նվագակցությամբ:

Նմանատիպ նյութեր