211652_close_icon
views-count393 դիտում article-date 15:34 15-12-2014

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունն արդեն 25 տարի Հայաստանում է

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է եղել «Հայ մարմնակրթական ընդհանուր միության»՝ հայրենիքում վերահիմնադրման 25-ամյակի միջոցառմանը։ «Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը» մաս է կազմում Համաշխարհային սկաուտական շարժման, ինչպես նաև Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ է։ ՀՄԸՄ Երևանի վարչության ատենապետ Վիգեն Հովհաննիսյանը ներկայացրել է, որ ՀՄԸՄ-ը, համագործակցելով տարբեր կառույցների հետ, հիմնադրման օրից ի վեր ու հատկապես վերջին տարիներին աշխուժորեն մասնակցում է բազմաբնույթ հասարակական միջոցառումների։ «Ազգային զարթոնքի օրերին՝ 25 տարի առաջ մի խումբ սփյուռքահայ և տեղացի ուսանողներ, կարևորելով սերնդի հայեցի դաստիարակությունը, հայրենիքում վերահիմնադրեցին 70 տարի Հայաստանից տարագրված «Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը»։ Վերահիմնադրումն սկիզբ առավ հենց համայն հայության մայրաքաղաք Երևանում։ Երևանի մասնաճյուղը համագործակցում է տարբեր կառույցների հետ, աշխուժորեն մասնակցում բազմաբնույթ հասարակական միջոցառումների և պատրաստ է մաս կազմել յուրաքանչյուր հայրենանվեր նախաձեռնության։ Այս համատեքստում խորին երախտագիտություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանին, անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մեր ծրագրերը կյանքի կոչելու գործին սատարելու համար։ ՀՄԸՄ Երևանի վարչությունը խորհրդանշական անվանական հուշանվերով է հայտնում իր երախտագիտությունը Տարոն Մարգարյանին այդ նշանակալի ավանդի համար»,-նշել է ՀՄԸՄ Երևանի վարչության ատենապետ Վիգեն Հովհաննիսյանը և հուշանվերը հանձնել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին։ «Այսպիսի արմատներ ունեցող կազմակերպության հետ մեր համագործակցությունը արդյունավետ է և պատվաբեր։ Շնորհավորում եմ հոբելյանական այս առիթով և մեր գոհունակությունն եմ հայտնում հայանպաստ ակտիվ գործունեության համար՝ խոստանալով, որ կշարունակենք ավելի արդյունավետ համագործակցությամբ»,-նշել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Նմանատիպ նյութեր