211652_close_icon
views-count892 դիտում article-date 11:24 13-12-2014

Լոռու մարզի 113 համայնքների ղեկավարներից ընդամենը 4-ն են կին. Լոռու մարզում փորձում են ակտիվացնել կանանց

«Առավոտ» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Լոռու մարզում տեղական ինքնակառավարման գործընթացին երիտասարդ կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագիրը։ Ընտրվել են Լոռու մարզի Շիրակամուտ, Ամրակից և Կաթնառատ համայնքները, որտեղ էլ անցկացվում են հանդիպումներ, սեմինարներ, համայնքային ժողովներ, հանրային լսումներ։ Ծրագրի նպատակն է նշված գյուղական համայնքներում ակտիվացնել երիտասարդ կանանց, նրանց հաղորդել համապատասխան գիտելիքներ մասնակցային ժողովրդավարության, համայնքի գործունեության, ավագանու, գյուղապետի գործառույթների վերաբերյալ։ Ծրագրի ղեկավար Արմենուհի Կյուրեղյանը նշում է, որ Լոռու մարզի գյուղական համայնքներում առկա է տեղական ինքնակառավարման գործընթացին երիտասարդ կանանց մասնակցության ցածր մակարդակ: Հայաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի աջակցությամբ իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, հարցվածների միայն 14%-ն է ցանկանում ընդգրկվել տեղական նշանակության որևէ հարցի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում: 37%-ի կարծիքով տեղական իշխանությունները (ոչ թե իրենք) պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն սոցիալական խնդիրների առնչությամբ: Արմենուհի Կյուրեղյանի տեղեկացմամբ՝ Լոռու մարզի 113 համայնքների ղեկավարներից ընդամենը 4-ն են կին, ավագանու կազմում կանայք մոտ 15% են, որոնց թվում 20-35 տարեկանները` 12%: Գյուղական բնակչության 54,96% և բարձրագույն կրթությամբ անձանց 62,88% կազմող 20-35 տարեկան կանանց ցածր ներկայացվածությունը համայնքային նշանակության հարցերի շուրջ որոշումների կայացման մակարդակում վկայում են նրանց հնարավորությունների ու մտավոր ներուժի թերագնահատման մասին, ինչը դանդաղեցնում է երկրի զարգացման տեմպերը: Ծրագրի ղեկավարը նշում է, որ հանդիպումների ընթացքում ստեղծվում են ակտիվ կանանց խմբեր, որոնք հետագայում ձնագնդի էֆեկտով կակտիվացնեն նաև մյուսներին։ «Լոռու մարզում տեղական ինքնակառավարման գործընթացին երիտասարդ կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպումթյան՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր