211652_close_icon
views-count1688 դիտում article-date 11:12 10-12-2014

Հայ միգրանտների թիվը Ռուսաստանում

Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա ավելի քան 3 մլն ՀՀ քաղաքացիներ Ամանորը նշելու են հայրենիքում: Այդ տվյալների համաձայն Հայաստանի բնակչությունը այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 3013,9 հազար մարդ: Մեկ տարի այդ ցուցանիշը մի փոքր ավելի էր՝ 3017 հազար: Ինչպես հայտնի է, 2013-ի հոկտեմբերի 18-ին Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների տոտալ հաշվառում է իրականացվել: Ըստ այդմ, ՌԴ-ում առկա է եղել 492,3 հազար ՀՀ քաղաքացիներ: Ըստ մեթոդոլոգիայի, եթե քաղաքացին բացակայում է մեկ տարուց ավելի, ապա նա արդեն չի համարվում մշտական բնակիչ: Հասկանալի է, որ իրականում նման փաստերի վերհանումն այնքան էլ հեշտ գործ չէ: Վերջերս Հայաստանի ազգային վիճակագրական ծռայությունը հրապարակել է հանրապետության տնային տնտեսությունների հետազոտության տվյալները: Ուսումնասիրվել է 2010-2013 թվականներն ընկած ժամանակահատվածը եւ ընտրվել է 15 եւ ավելի տարեկանների խումբը: Այսինքն երեխաները չեն հաշվարկվել: Ամփոփիչ տվյալները այսպիսին են. 3 եւ ավելի ամիս բացակայող միգրանտների թիվը 103 հազար է: Նրանցից 45 հազարը բացակայում է ավելի քան մեկ տարի: Սա բոլոր երկրներով, ոչ միայն Ռուսաստանում, քանի որ հայ միգրանտների աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն Ռուսաստանով: Հավելենք, որ նույն Ռուսաստանում վերը նշված ժամկետում հաշվվում էր մինչեւ 17 տարեկան 51,2 հազար ՀՀ քաղաքացի: Այսինքն նախադպրոցական եւ դպրոցական տարիքի, ընդ որում հաշվառման ժամանակը (հոկտեմբերի 18) ուսումնական տարվա կեսերին էր ընկնում: Սեզոնային միգրանտները, որպես կանոն, իրենց ընտանիքները թողնում են հայրենիքում, հետեւաբար մինչեւ 17 տարեկան երեխաների առկայությունը ենթադրում է ՀՀ քաղաքացիների ընտանիքների Ռուսաստանում քիչ թե շատ մշտական բնակության մասին: Նման ընտանիքների թիվը կարելի է համարել 25 հազար: Չի բացառվում, որ ՀՀ այդ քաղաքացիները Ամանորը դիմավորեն հայրենիքից դուրս: Ընդ որում, սա վերաբերում է միայն Ռուսաստանին եւ միայն ընտանիքների կազմում:

Նմանատիպ նյութեր