211652_close_icon
views-count767 դիտում article-date 16:27 08-12-2014

Հայ-լեհական գործարար կապերը միշտ աչքի են ընկել որակով. Էկոնոմիկայի փոխնախարար

Դեկտեմբերի 3-ին Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի շրջանակում կազմակերպվել է գործարար սեմինար, որին մասնակցել են Լեհաստանի պետական կառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարար համայնքի, այդ թվում` առևտրային կազմակերպությունների, գյուղատնտեսության, էներգետիկայի, դեղագործության, թեթև արդյունաբերության և այլ ոլորտների շուրջ 30 լեհական ընկերությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Լեհաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ Տոմչիկևիչը: «Հայ-լեհական գործարար կապերը միշտ աչքի են ընկել որակով և կայունությամբ և վաղուց արդեն վերածվել են ամուր բարեկամական հարաբերությունների: Հուսով եմ, այսօրվա միջոցառումը կնպաստի այդ հարաբերությունների հետագա զարգացմանը` ստեղծելով լավ հնարավորություններ ընտրելու համագործակցության նոր ուղղություններ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Այսօր մենք ունենք իրական հնարավորություններ կարևոր քայլ կատարելու նաև մեր երկրների միջև ներդրումային համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Հենց դրան էլ կոչված է այս միջոցառումը»,-իր ողջույնի խոսքում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Հայկական կողմը երկրի տնտեսության վերաբերյալ շնորհանդեսում ներկայացրել է Հայաստանի ներդրումային օրենսդրությունը, երկրում գործող ազատ տնտեսական գոտիները, ինչպես նաև գործարար միջավայրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտը: Լեհ գործարարներն իրենց հերթին ևս համառոտ տեղեկացրել են իրենց գործունեության մասին և ներկայացրել Հայաստանում գործելու հետաքրքրությունները, հայտնում է Էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր