211652_close_icon
views-count1246 դիտում article-date 16:16 06-12-2014

Կապանը կունենա հաշվեկշռված համայնքային բյուջե

Կապան համայնքի զարգացման 2013-2016 թթ. 4-ամյա ծրագիրը եւ 2015թ. համայնքային բյուջեն քննարկվեցին դեկտեմբերի 5-ին` քաղաքապետարանի կողմից կազմակերպված հանրային լսման ժամանակ, որին մասնակցել են ավագանու անդամներ, գործարարներ, ՀԿ ներկայացուցիչներ, քաղաքապետարանի պատասխանատուներ, քաղաքացիներ: Քաղաքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանը մասնակիցներին ներկայացրեց 2013-2014թթ. կատարած աշխատանքները, նշելով, որ 2013թ. համար նախատեսված ներդրումները կատարվել են 66 տոկոսով, նախորդ տարվա համեմատ այն ավել է 14 տոկոսով: 2014թ.-ին անհամեմատ ավելի շատ աշխատանքներ են իրականացվել` ներդրումների ծավալը հասել է մինչեւ 3 մլրդ 255 հազ. 500 դրամի: Բանախոսն անդրադարձավ նաեւ 2015թ. նախատեսված ծրագրերին: Իսկ 2014-ին կատարված եւ ընթացքի մեջ գտնվող աշխատանքները ցուցադրվեցին տեսանյութի միջոցով: Հանրային քննարկմանը Կապան համայնքի 2015թ. բյուջեի նախագիծը ներկայացրեց քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Իվետա Թադեւոսյանը: Նշեց, որ 2015թ. բյուջեն կանխատեսվում է եկամուտների գծով՝ 1 մլրդ 126 մլն 700 հազ. դրամ: Եկամուտների 12,4 տոկոսը բաժին է ընկնում հարկերին եւ տուրքերին, իսկ 74 տոկոսը կազմում են պաշտոնական դրամաշնորհները: Բյուջեի ընդհանուր եկամուտների 13,6 տոկոսը բաժին է ընկնում այլ եկամուտներին: Բյուջեն հաշվեկշվառ է՝ այսինքն՝ ծախսերը հավասար են եկամուտներին: Ծախսերի ընդհանուր ծավալի 14,9 տոկոսը բաժին է ընկնում ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին: 2015թ. համայնքային բյուջեի միջոցներով նախատեսվում է քաղաքում իրականացնել տարբեր տեսակի աշխատանքներ` ասֆալտապատման, վերելակների նորոգման, շրջակա միջավայրի պահպանության, փողոցների լուսավորության բարելավման եւ այլն: Ըստ բյուջեի նախագծի, սոցիալական պաշտպանության համար նախատեսվում է հատկացնել 17 մլն 580 հազ. դրամ: Համայնքի պահուստային ֆոնդը կկազմի 66 մլն 159 հազ. դրամ: Հանրային քննարկման ընթացքում եղան հարցեր, առաջարկներ, որոնք կքննարկվեն եւ նպատակահարմարությունից ելնելով դրանք կընդգրկվեն բյուջեի նախագծում: Վերջնական տեսքի բերելուց հետո այն կներկայացվի համայնքի ավագանու հաստատմանը:

Նմանատիպ նյութեր