211652_close_icon
views-count1437 դիտում article-date 13:48 04-04-2015

Կապանը խոնարհումի եւս մեկ վայր ունեցավ

Ապրիլի 2-ին Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում տեղի ունեցավ ՀՀ ռազմական-քաղաքական-հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, արձակագիր եւ հրապարակախոս Վազգեն Սարգսյանի բրոնզե կիսանդրու բացման արարողությունը (քանդակագործ՝ Նարեկ Օրդյան): Սյունիքի մարզկենտրոնում Սպարապետի հուշարձանն ունենալու մտահղացումը Երկրապահ կամավորականների միությանն է, որը նախաձեռնեց եւ տարածքի շինարարական, բարեկարգման, պատվանդանի կառուցման աշխատանքներն իրականացրեց Կապանի քաղաքապետարանը, կիսանդրին Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանի նվիրատվությունն է: Օրն, ի դեպ, պատահական չէր ընտրված. ապրիլի 2-ին լրացավ Հայաստանի հանրապետական կուսակցության 25-ամյակը: Պատահական չէ ընտրված եւ իր մեջ խորհուրդ ունի նաեւ հուշարձանի տեղադրման վայրը՝ Սպարապետի հայացքն ուղղված է դեպի Խուստուփն ու եղբայրական գերեզմանը, որտեղ հանգչում են հայրենիքի համար զոհված կապանցի քաջերը… Բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀԿ խորհրդի, ԵԿՄ անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, բազմաթիվ կապանցիներ ու հյուրեր մարզի բոլոր տարածաշրջաններից: Կիսանդրու բացման պաշտոնական արարողակարգը կատարեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը եւ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը: Այնուհետեւ հոգեհանգստի կարգ կատարեց Կապանի հոգեւոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը: Բացման խոսքով հանդես եկավ Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանը: Օրվա խորհրդի առիթով եւ Սպարապետի մասին ելույթ ունեցան նաեւ ՀՀԿ խորհրդի անդամ, ԵՊՀ պրոռեկտոր Արարատ Մալխասյանը, ՀՀԿ Կապանի շրջանային խորհրդի նախագահ Ռոմա Սարգսյանը, ԵԿՄ Կապանի բաժանմունքի նախագահ Մանվել Օհանյանը, Կապանի զինկոմ փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր