211652_close_icon
views-count1212 դիտում article-date 13:49 09-05-2015

Կապանը խորհրդային միության 3 հերոս է տվել. Կապանի քաղաքապետ

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ. «Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի մասնակից սիրելի՛ վետերաններ Հարգելի՛ կապանցիներ Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ, տոն, որ մեզ համար նշանավորվում է 20-րդ դարի կեսին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով, որին իր հերոսական մասնակցությունն ունեցավ հայ ժողովուրդը եւ արդեն դարավերջի՝ մեր պատմության մեկ այլ փառապանծ էջով ՝ Շուշիի ազատագրմամբ: Հիշենք, որ 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են շուրջ 7000 կապանցիներ, նրանցից 3036-ը, ավաղ, հայրենիք չվերադարձան: Կապանն ունեցավ Խորհրդային միության 3 հերոս: Եթե այսօրվա տոնի խորհուրդը կրող առաջին պայքարի՝ Մեծ հայրենականի մասին տեղեկացել ենք պատմության էջերից, ապա Արցախյան ազատամարտի մասնակիցն ու ականատեսն ենք եղել շատերս, զգացել թե՛ պատերազմի մերժելի իրականությունը, թե՛ Հայոց բանակի հաղթանակի բերկրանքը: Գլուխ խոնարհենք նրանց հիշատակի առջեւ, ում արյան գնով պարգեւ ստացանք հաղթանակների այս ամիսը՝ թե՛ Մեծ հայրենականի տարիներին զոհվածների եւ թե՛ նորանկախ Հայաստանի սահմանները պաշտպանելիս եւ մեր անկախությունը կերտելիս ընկած մարտիկների: Շնորհակալություն ասենք երկու պատերազմների՝ մեր կողքին ապրող հերոսներին, գնահատենք նրանց, նաեւ շնորհակալ լինենք ներկայումս մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորներին, ովքեր այսօր էլ՝ հրադադարի պայմաններում, շարունակում են սխրանքներ գործել եւ, ցավոք, իրենց կյանքը նվիրել մեր խաղաղ արշալույսների համար… Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ խաղաղություն, անապմ երկինք, հայրենիքի պաշտպաններին՝ անվտանգ ծառայություն: Եվ թո՛ղ այսուհետ բոլորս առիթ ունենանք հաղթանակներ տոնել միայն այլ ասպարեզներում՝ մեր ուժն ու եռանդը նվիրենք ստեղծագործելու, նորը արարելու, Հայաստանի հանրապետությունը հզորացնելու գործին»:

Նմանատիպ նյութեր