36898 դիտում
20:39 03-12-2014
Վրաերթ Երեւանում, բժիշկները պայքարում են տուժողի կյանքի համար, դեպքի վայրում հայտնաբերվել է 10 ՏՈ 777 համարանիշ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 19:10-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում Ոսկու գործարանի դիմաց վրաերթ է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտի համար նախատեսված վայրով անցնող տղամարդուն եւ թողնելով նրան անօգնական վիճակում դիմել փախուստի: Դեպքի վայր ժամանած 1-03 Շտապօգնության բրիգադը քաղաքացիների, Ճանապարհային ոստիկանների օգնությամբ տուժողին պատգարակի վրա դնելով տեղափոխեցին Էրեբունի բժշկական կենտրոն: Այստեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը ստացել է բազմաթիվ կոտրվածքներ՝ պոլիտրավմա եւ այս պահին նրա վիճակը գնահատվում է ծանր եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանն ու նույն գումարտակի 3-րդ դասակի հրամանատար Վահան Էվինյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի վայրում հայտնաբերվել է 10 ՏՈ 777 համարանիշ, ինչը իրավապահների մոտ կասկած է հարուցում, որ նշված համարանիշի ավտոմեքենայով է տեղի ունեցել վրաերթը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված համարանիշը պատկանում է «Նիսսան-Ալտիմա» մակնիշի ավտոմեքենային եւ այն հաշվառված է Երեւան քաղաքի Բագրատունյաց 22/3 շենքի բնակիչ, 38-ամյա Էդվարդ Աղաջանյանի անվամբ: Դեպքի վայր են ժամանել նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու քննիչ Գոռ Թադեւոսյանը: Փաստի առթիվ վերջինիս կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 1-ին մասի եւ 244 հոդվածի հատկանիշներով:
Երեւանի քննչական վարչության պետի տեղակալ Ա. Վանյանի հանձնարարականով ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը եւ արդյո՞ք դեպքի վայրում հայտնաբերված ավտոմեքենայի համարանիշն ու տվյալ տրանսպորտային միջոցը կապ ունեն դեպքի հետ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+