211652_close_icon
views-count1328 դիտում article-date 13:17 03-12-2014

Շատ գյուղացիներ չեն պատկերացնում, թե ինչ է էկոտուրիզմը

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Խոզնավար, Քարահունջ գյուղերի բնակչության շրջանում ցածր է բնակչության գիտելիքների և իրազեկվածության մակարդակը ընդհանրապես ՀՀ-ի, մարզի և տարածաշրջանի կենսաբազմազանության և կայուն կառավարման հնարավորությունների վերաբերյալ: Այս խնդրի լուծմանը նպաստելու համար «Էկոտեկ» բնապահպանական ՀԿ-ն նոյեմբեր ամսվա ընթացքում ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացրեց «Գորիս քաղաքում և հարակից համայնքներում կենսաբազմազանության պահպանության խնդիրների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում» ծրագիրը: Նշված համայնքների շուրջ 120 աշակերտներ ու գյուղացիներ իրազեկվել են կենսաբազմազանության պահպանության, վերարտադրության և օգտագործման առանձնահատկությունների վերաբերյալ թեմաներով: «Էկոտեկ» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ ծրագրի արդյունքում ձևավորվել են կենսաբազմազանության կարևորության վերաբերյալ գիտելիքներով օժտված խմբեր, որոնք բավարար գիտելիքներ ունեն ու դրանք փոխանցելու են այլ շահագրգիռ խմբերի: Նա շեշտեց. «Մեր նպատակն է ազգաբնակչության տարբեր խավերի գիտելիքների տրամադրման միջոցով նպաստել կենսաբազմազանության կայուն կառավարման արդյունավետության բարձրացմանը»: Ծրագրին մասնակցել են ինչպես գյուղացիներ, այնպես էլ բարձր դասարանի աշակերտներ, որոնց շրջանում հետաքրքրվածությունն ու ոգևորությունն ավելի մեծ է եղել, քան գյուղացիների: Նախ համայքներում հարցաթերթիկների միջոցով իրականացվել է գիտելիքների և կարիքների գնահատում, այնուհետև ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դասախոսներն անցկացրել են դասընթացներ՝ ՀՀ կենսաբազմազանությունը և դրա պահպանության խնդիրները, ՀՀ Բույսերի և կենդանիների կարմիր գրքերը, Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների և համայնքների միջև հակասություններ, էկոլոգիական կրթություն, էկոզբոսաշրջության կազմակերպմանը վերաբերող թեմաներով: Արամ Հարությունյանը մանրամասնեց. «Աշակերտների հետ բավականին ինտերակտիվ քննարկում ծավալվեց՝ մենք պատկերներով ցույց տվեցինք բնության և ընդերքի խնդիրները, նրանք էլ ինտերակտիվ մասնակցում էին քննարկմանը»: Անդրադառնալով էկոտուրիզմի կազմակերպման խնդիրներին՝ Արամ Հարությունյանն ասաց. «Գյուղացիներից շատերը լսել են էկոտուրիզմի մասին, սակայն չգիտեն՝ ինչ է այն, ինչպես կարելի է օգուտ քաղել դրանից»: Արամ Հարությունյանը նաև հավելեց, թե աշակերտներն այնքան ոգևորված էին էկոբազմազանության խնդիրներով, որ ցանկություն հայտնեցին մասնակցել նաև ծառատունկի ծրագրի:

Նմանատիպ նյութեր