ՀՀ ԱԻՆ-ը և ֆրանսիական կողմն ամփոփում են համագործակցության արդյունքները
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն ընդունեց Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերսին:
Հանդիպման նպատակն էր ամփոփել կատարված աշխատանքներն ու նախանշել առաջիկայում սպասվող անելիքները:
Ամփոփելով տարվա ընթացքում կատարված աշխատանքները` Ռոպերսն անդրադարձավ ֆրանսիացի մասնագետների և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համագործակցությանը, որի արդյունքում պրոֆիլակտիկ աշխատանքներ են կատարվել սարքավորումների արդիականացման ուղղությամբ, և տեղադրվել են նոր սեյսմիկ կայաններ:
Նախատեսվում է նաև կազմակերպել սեմինարներ, վերապատրաստաման դասընթացներ նախարարության տարբեր ստորաբաժանումների մասնագետների համար, ինչպես նաև` կտրամադրվի փորձագետ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբին (INSARAG) աջակցելու համար։
Անդրադառնալով Ֆրանսիայի կողմից ԱԻ նախարարության տեխնիկական աջակցությանը` մասնավորապես արբանյակային սարքավորումներով մեքենաներին, Ն. Գրիգորյանը կարևորեց վերջիններիս դերն ու նշանակությունը բնակչության պաշտպանության և արագ արձագանքման գործընթացում: Ն. Գրիգորյանը նաև նշեց, որ Ֆրանսիայի հետ համագործակցությունը միայն արդյունավետություն է խոստանում:
Ս. Ռոպերսը ևս, կարևորելով նման հանդիպումների արդյունավետությունը, անդրադարձավ Ֆրանսիայի և ԱԻ նախարարության համագործակցությանը` բնորոշելով այն որպես երկուստեք շահավետ աշխատանք։