13867 դիտում
12:45 20-11-2014
Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում. «Արքայաձոր» ռեստորանային համալիրի աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 38/3 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 23-ամյա Արամ Մալաքյանի վարած Opel մակնիշի 14 PP 914 համարանիշի և 51-ամյա Էդվարդ Շարաֆյանի վարած Samand մակնիշի 13 ՍՕ 964 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է. Շարաֆյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 53-ամյա Լարիսա Ասրյանը և 52-ամյա Գոհար Հովսեփյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր ուղևորուհիներն աշխատում են «Արքայաձոր» ռեստորանային համալիրում: