211652_close_icon
views-count1780 դիտում article-date 16:09 18-11-2014

Պետք է շանս տալ Շալանդին. Ռուբեն Հայրապետյան

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը: Առաջին հարցին, թե ինչպե՞ս է ՀՖՖ նախագահը գնահատում Բեռնար Շալանդի կատարած աշխատանքը, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց, որ իրեն, բնականաբար, որպես ՀՖՖ նախագահ, արդյունքներն են հետաքրքրում, եւ որ ինքը շատ դժգոհ է արդյունքից՝ նշելով, որ իրեն չի կարող բավարարել այն, որ հավաքականը 3 խաղում վաստակել է մեկ միավոր: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք շարունակելու է վստահել Շալանդին՝ ՀՖՖ նախագահը պատասխանեց, որ եթե ինքը չվստահեր, ապա հիմա կհայտարարեր, որ նա հեռացված է: Ինչ վերաբերում է նրա մարտավարությանը, ապա բնականաբար, այն իրեն չի բավարարում: Ռ. Հայրապետյանն ավելացրեց նաև, որ ինքը, որպես ֆեդերացիայի նախագահ նշանակել է մարզիչ և չի միջամտում մարզչի աշխատանքին, բայց կարծիք հայտնում է: Մասնավորապես, նա խորհուրդ է տվել ընդհանրապես չհրավիրել Արտակ Դաշյանին, քանի որ վերջինս չի համապատասխանում հավաքականի խաղամակարդակին: Ռ. Հայրապետյանի կարծիքով, Սերբիայի հետ խաղում մեր անհաջողության պատճառը Դաշյանի սխալ փոփոխությունն էր: «Եթե ուշադիր եք եղել, մարզիչը բղավում էր, Արտակ «փակի» խաղացողին, իսկ նա չէր հասկանում, թե ինչ պետք է անի... Ֆրանսիայի հետ խաղում էլ նա անհաջող հանդես եկավ: Ես խաղի ժամանակ չեմ նայում գնդակին, այլ նայում եմ խաղացողների գործողություններին»,-ասաց ՀՖՖ նախագահը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում մեր շանսերն ընտրական փուլում, ՀՖՖ նախագահը նշեց, որ մենք շանսեր ունենք: Բայց եթե շարունակենք խաղալ Պորտուգալիայի դեմ հանդիպման նման, ապա շանսեր չենք ունենա: «Եթե մենք մտածում ենք միայն նրա մասին, որ մեզ գոլ չխփեն, ապա չենք կարող հաջողություն ունենալ: Շալանդը փորձառու մարզիչ է եւ կարծում եմ՝ քայլեր կձեռնարկի»: Լրագրողի հարցին, թե Մարսելի «Օլիմպիկում» խաղում է հայ պաշտպան Գաել Անդոնյանը, իսկ «ՊՍԺ»-ում՝ Ալեքսանդր Դեմիրճյանը: Նրանք կարո՞ղ են խաղալ Հայաստանի հավաքականում, ՀՖՖ նախագահն ասաց. «Եկեք Դուք ձեր գործով զբաղվեք, մենք՝ մեր: Ֆեդերացիան իր աշխատանքը կատարում է, մարզիչները հետեւում են բոլոր հայ ֆուտբոլիստներին: Եթե ֆուտբոլիստը հայի ազգանուն ունի, դեռ չի նշանակում, որ նա հայ է: Ովքեր ցանկություն ունեն հավաքականում խաղալու, նրանց համար դռները բաց են: Ովքեր սկսում են ինչ-որ բաներ պահանջել, նրանք չեն կարող հանդես գալ հավաքականում: Մալոյանին 6 անգամ անձամբ եմ հրավիրել հավաքական, նույնիսկ «Պորշե» ավտոմեքենա ուզեց, համաձայնվեցի, բայց չեկավ»: Հավաքականի խաղերի տոմսերի թանկացման վերաբերյալ հարցին Ռ. Հայրապետյանը հակադարձեց հարցով. «Իսկ ինչո՞ւ էժան տոմսերը չվաճառվեցին: Ամենաէժան տեղերը դատարկ էին: Պարտադիր Գալկի՞նը պետք է գա, որ մեր ազգը գնա... Տոմսերն այդքան թանկ չեն եղել: Մենք հայտ ներկայացրած երկրպագուներին նաեւ 2000 դրամով ենք տոմսեր վաճառել»,- պատասխանեց ՀՖՖ նախագահը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀՖՖ-ն պաշտոնական բողոք է ներկայացնելու՝ հաշվի առնելով, որ Շալանդը բողոքել է Պորտուգալիայի ֆեդերացիայի պահվածքից, ՀՖՖ նախագահն ասաց. «Իհարկե ո՛չ: Վատ պարողի պատմությունը գիտե՞ք: Շալանդը թող այլ տեղ փնտրի պատճառները: Մեր վատ ֆուտբոլ խաղալը Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վրա՞ ենք բարդում»: Հայաստանի մինչև 21, 19, 17 տարեկանների հավաքականների ելույթների մասին հարցին պատասխանելով՝ ՀՖՖ նախագահը նշեց, որ դրանք վատ է գնահատում, բայց պետք է ասել, որ նրանք ուրիշ խնդիր են լուծում եւ կգա ժամանակը, եւ մենք կունենանք արդյունք: - Կրկին անդրադառնալով Պորտուգալիայի հետ հանդիպմանը և պատասխանելով այն հարցին, թե ո՞րն էր Պորտուգալիայի հետ խաղի անհաջողության պատճառը՝ Ռ. Հայրապետյանն ասաց. «Մենք ունենք պոտենցիալ... Սխալ մարտավարության արդյունքում ենք պարտվել. դա իմ անձնական կարծիքն է: Սարկիսովը, Մարկոսը, որոնք շատ լավ մարզավիճակում էին, նստած էին պահեստայինների նստարանին»: Իսկ հարցին, որ Մխիթարյանի դեմ պորտուգալացիները կոպիտ էին խաղում, ՀՖՖ նախագահը նշեց. «Թող մերոնք էլ Ռոնալդուի դեմ այդպես խաղային: Եթե դուք ուշադիր լինեք, Մխիթարյանի դեմ «Բորուսիայում» էլ են այդպես խաղում, և նա սովոր է: Ուրախանանք միայն, որ Մխիթարյանը վնասվածք չստացավ»: Հարցին, թե արյդոք ՀՖՖ նախագահը գոհ է Յուրա Մովսիսյանի խաղից՝ հաշվի առնելով, որ նա մի տեսակ կտրված էր կիսապաշտպաններից, ՀՖՖ նախագահն ասաց. «Յուրա Մովսիսյանն ի՞նչ աներ, եթե այդքան մեծ ուժերով պաշտպանվում էինք: Մովսիսյանը «Ռեմբոն» չի: 4 պաշտպանի դեմ ի՞նչ աներ»: Լրագրողի այն հարցին, թե շատերն են համամիտ Ձեր ասածի հետ՝ Պորտուգալիայի դեմ խաղի հետ կապված, բայց կարծեք այդ ամենը Շալանդը չի հասկանում և ուրեմն ինչո՞վ է պայմանավորված Ձեր վստահությունը նրա նկատմամբ, Հայրապետյանն ասաց. «Իսկ Դուք կարծում եք, թե նոր մարզիչն այս 3 ամսում հասկանալո՞ւ է, թե որն է խնդիրը: Ի տարբերություն մնացածի՝ ես ֆեդերացիայի նախագահն եմ եւ պատասխանատու եմ մարզչի համար: Մեծ հաճույքով կհանեի, բայց չկա կախարդական փայտիկ, որ նրա փոխարեն գա այն մարզիչը, ով կլուծի բոլոր խնդիրները»: Իսկ լրագրողի դիտարկմանը, թե օրինակ,Վարդան Մինասյանին ժամանակ պետք չէ, ՀՖՖ նախագահն ասաց, թե Վարդան Մինասյանը պայմանագիր ունի եւ աշխատում է. «Վարդան Մինասյանի ժամանակ բոլորն ասում էին, թե արտասահմանցի է պետք, բերեցի... Համոզված չեմ, որ Շալանդի փոխարեն ինչ-որ մեկը որ գա, ապա ավելի լավ է լինելու: Ես չեմ ուզել, որ Վարդանը գնա: Բայց նա չի ցանկացել մնալ: Վարդանը խորապես վիրավորած է եղել ֆուտբոլիստներից, լրագրողներից, երկրպագուներից: Մարզչի հարցում պետք չէ շտապել դա միշտ իր բացասական հետեւանքներն է ունենում: Շալանդին պետք է շանս տալ: Ազնվորեն, խաղից հետո չեմ զրուցել նրա հետ, քանի որ շատ վրդովված եմ եղել: Այժմ Իտալիայում է, գնացել է հետևելու Իտալիա-Ալբանիա հանդիպմանը: Երբ կվերադառնա՝ կզրուցենք: Եթե չընդունեց իմ ասածները, ապա ես իմ որոշումները կկայացնեմ: Տանք եւս մեկ հնարավորություն Շալանդին, մի՞գուցե կկարողանա ելք գտնել: Մարզչին հեռացնելը միշտ էլ կա»: -Ինչ վերաբերվում է Դավիթ Մանոյանին հավաքական հրավիրելու մասին հարցին, ՀՖՖ նախագահը նշեց, որ Հավաքականի մարզիչն արդեն պատասխանել է, որ Մանոյանը հայտացուցակում չի եղել: Իսկ հրավեր նա ստացել է, քանի որ փայլուն մարզավիճակում է, ուղղակի հավաքականի հավաքից առաջ մկանն էր ձգել, իսկ հավաքականի ճամբար եկել էր բուժվելու, քանի որ ունենք լավ ֆիզիոթերապեւտ: «Ցավալի է, որ Մանոյանը չկարողացավ մասնակցել Պորտուգալիայի հետ խաղին: Եթե Դավիթ Մանոյանը լիներ խաղադաշտում, ապա շատ բան կփոխեր, քանի որ հիանալի մարզավիճակում է»,-ասաց ՀՖՖ նախագահը: Անդրադառնալով բարձրագույն խմբի ներկայիս վիճակին և հարցին, թե արդյո՞ք լեգեոներների ավելացումն ազդեցություն թողել է, ՀՖՖ նախագահը պատասխանեց,որ որքան որակյալ ֆուտբոլիստներ հայտնվեն, մակարդակը կբարձրանա: «Ցանկալի չէ, որ գան անորակ ֆուտբոլիստներ: Վերջերս թիմերից մեկը սպագետի պատրաստող էր բերել, ով իտալացի էր… Միայն ազգությունով չի որոշվում: Ներկայումս «Ուլիսն» է լավ խաղացողներ բերել, եւ բոլոր թիմերը ցանկանում են հաղթել «Ուլիսին»: Բարձրակարգ լեգեոներներ կան նաեւ «Փյունիկում» և «Շիրակում»: Այն հարցին, թե մրցաշրջանի մեկնարկից առաջ «Փյունիկը» հրաժարավեց իր քաղաքականությունից եւ սկսեց նորից արտասահմանցիներ հրավիրել: Հնարավո՞ր է, որ ձմռանը եւս մի քանի արտասահմանցիներ հայտնվեն «Փյունիկում», ՀՖՖ նախագահն ասաց. «Փյունիկի» խնդիրը ազգային հավաքականին խաղացողներ տրամադրելն է: Պետք էր առջեւում ուժեղ հարձակվող եւ հրավիրեցին Սեզարին, ով փայլուն խաղացող է և ցույց է տալիս, որ կարող է օգտակար լինել: Միշտ էլ ուժեղ լեգեոներն օգտակար է մեր առաջնությանը: Եթե լինի 1-2 լավ խաղացող, ապա կարող են նրանց ևս հրավիրել ձմռանը: «Փյունիկի» խնդիրը չեմպիոն կամ փոխչեմպիոն դառնալը չէ… Պատասխանելով այն հարցին, թե մեզ մոտ կա դարպասապահների հետ կապված արգելք, բայց բացի Կասպարովից եւ Բեգլարյանից չկա մեկը, ով կարող է ապագայում համալրել հավաքականի հիմնական կազմը, Ռ Հայրապետյանը նշեց. «Այդ արգելքը եղել է, որ հայ դարպասապահներն աճեն: Եթե հիշում եք, բոլոր թիմերն էլ բերում էին միջին որակի դարպասապահներ, եւ մեր երիտասարդ տղաները շանս չէին ստանում: Օրինակ, «Փյունիկում» կա Գոռ Մանուկյանը, ով կարող է լավ դարպասապահ դառնալ: Հայաստան ո՞վ պետք է գա. ցածր կարգի դարպասահներ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից: Ավելի լավ չէ՞, որ խաղան մեր դարպասապահները և փորձ հավաքեն»:

Նմանատիպ նյութեր