211652_close_icon
views-count1363 դիտում article-date 23:19 04-11-2014

Մեկնարկեց «Պոլիտեխնիկական խաղեր» սպորտային, մշակութային և ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը

Նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 21-րդ մասնաշենքի սպորտային դահլիճում ազդարարվեց Ուսանողական խորհրդի հիմնադրման 20 ամյակին նվիրված միջոցառումներից մեկը` «Պոլիտեխնիկական խաղեր» խորագիրը կրող սպորտային, մշակութային և ինտելեկտուալ ներբուհական փառատոնով: Խաղերի բացմանը հրավիրված էին ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Կարեն Ավագյանը, ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը, ՀՈՒԱԱ փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը, ՀՊՃՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ: Դահլիճը լի էր նաև իրենց ընկերներին քաջալերող ուսանողներով: «Պոլիտեխնիկական խաղեր» փառատոնը կազմակերպվել էր ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ)-ի Ուսանողական խորհրդում ձևավորված հատուկ հանձնախմբի կողմից: Այն ղեկավարում էր ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ)-ի Ուսանողական խորհրդի փոխնախագահ Գևորգ Հարությունյանը: Նրա հավաստմամբ` ամբողջ աշխատանքային թիմը պատրաստվել է մեծ աշխատասիրությամբ և ջանասիրաբար, քանզի հպարտություն է աշխատել այն բուհում, որտեղ ուսանողները նշում են իրենց կառույցի 20-ամյա հոբելյանը, ինչը փաստում է միախմբվածության և հավաքականության մասին: Մասնակից թիմերը ձևավորվել են ըստ բուհի ֆակուլտետների: Նրանցում ներգրավված յուրաքանչյուր ուսանող յուրահատուկ է իր կարողություններով: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 25 մասնակից ուսանողներից, ովքեր ներկայանում էին վիճակահանության արդյունքում իրենց բաժին ընկած մարզահագուստով: Միջոցառման սկիզբն ազդարարվեց թմբկահարների խմբի թմբուկների խրոխտ հնչյունների ներքո` ավելի տոնական դարձնելով մեկնարկի արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ)-ի Ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը: Ելույթի ժամանակ, շնորհավորելով ուսանողներին հոբելյանական տարվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով հյուրերին, նա հանդիսավոր կերպով ազդարարեց խաղերի բացումը: «Պոլիտեխնիկական խաղեր»-ի խորհրդանիշը դեպի բարձունքը ձգտող երիտասարդն է, որը նմանեցված է «Պ» տառին` խորհրդանշելով Պոլիտեխնիկը և Ուսանողական խորհուրդը:

Նմանատիպ նյութեր