211652_close_icon
views-count976 դիտում article-date 20:04 03-11-2014

ՀՀ վարչապետն ու Ասիական զարգացմա բանկի փոխնախագահը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Ժանգ Վենկային: Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ԱԶԲ հետ համագործակցությունը մեր երկրի տնտեսության զարգացման եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործընթացում: Վարչապետը կարեւորել է ենթակառուցվածքների զարգացման՝ տրանսպորտային հանգույցների, ճանապարհների կառուցման ու վերանորոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի արդիականացման համատեղ ծրագրերի իրականացումը եւ շարունակականությունը: ԱԶԲ փոխնախագահն արդյունավետ է գնահատել 2005 թվականից ի վեր ծավալված գործակցությունը՝ նշելով, որ այժմ բանկն աշխատում է առաջիկա հինգ տարվա «Հայաստանի գործընկերության ռազմավարության» վրա: Պարոն Ժանգը ողջունել է տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները եւ բարձր գնահատել, հատկապես, բիզնես միջավայրի բարելավման եւ ձեռնարկատիրության զարգացման ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքից, քննարկել նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանն առնչվող մանրամասներ եւ կարեւորել շինարարական աշխատանքների ժամանակին ու որակյալ կատարումը: Այնուհետեւ ՀՀ վարչապետը եւ ԱԶԲ փոխնախագահն անդրադարձել են համագործակցության ընդլայնման ուղղություններին: Հովիկ Աբրահամյանը, ի թիվս մի շարք այլ ծրագրերի, առաջնային է համարել առաջիկա հինգ տարվա «Հայաստանի գործընկերության ռազմավարությունում» գյուղական համայնքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոքր եւ միջին, ինչպես նաեւ կանանց ձեռնարկատիրության զարգացման ծրագրերի ներառումը: Երկուստեք կարեւորվել է նաեւ տարածաշրջանային գործակցության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Վենկայ Ժանգն ԱԶԲ անունից պատրաստակամություն է հայտնել՝ շարունակել աջակցությունն ինչպես ընթացիկ ծրագրերին, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից տնտեսական առաջնահերթություններ համարվող ոլորտներին՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանում, գիտելիքահեն տնտեսության զարգացում, տեխնիկական օժանդակություն տրամադրում կարողությունների զարգացման նպատակով եւ այլն:

Նմանատիպ նյութեր