Միլիարդատերերի քանակն ամբողջ աշխարհում կրկնապատկվել է
Ֆինանսական ճգնաժամից ի վեր միլիարդատերերի քանակն ամբողջ աշխարհում կրկնապատկվել է, քանի որ անհավասարության դրսևորումները դուրս են եկել վերահսկողության շրջանակներից: Նույն ժամանակահատվածում առնվազն մեկ միլիոն կին մահացել է ծննդաբերության ժամանակ հիմնական բժշկական ծառայությունների բացակայության պատճառով: Այսօր Օքսֆամ բրիտանական կազմակերպությունը նախազգուշացնում է, որ դեռևս տասնամյակներ առաջ աճող անհավասարությունը կարող էր ստիպել պայքարել աղքատության դեմ: Այս մասին Օքսֆամը խոսում է իր կողմից հրապարակված հաշվետվության մեջ, որտեղ նշում է, որ ֆինանսական ճգնաժամից ի վեր միլիարդատերերի քանակն ամբողջ աշխարհում ավելի քան կրկնապատկվել է:
Հաշվետվության մեջ, որը վերնագրված է «Պայքար հավասարության համար. Ժամանակն է վերջ տալ անհավասարության ծայրահեղ դրսևորումներին», մանրամասն խոսվում է այն մասին, որ այսօր աշխարհի ամենահարուստ մարդկանց ունեցվածքն այնպիսի չափերի է
հասնում, որը վերջիններս չեն կարող ծախսել իրենց ողջ կյանքի ընթացքում, այն դեպքում, երբ հարյուր միլիոնավոր մարդիկ ապրում են
ծայրահեղ աղքատության մեջ՝ առանց հիմնական բժշկական օգնության կամ տարրական կրթության հնարավորության:
Աշխարհի տարբեր երկրներում բարեկեցիկ կյանքը հասարակ մարդկանց համար հասանելի չէ, այնինչ հարուստ վերնախավի հարստությունն
էլ ավելի արագ տեմպերով է աճում: Հունվար ամսին Օքսֆամի կողմից հրապարակված ուսումնասիրության մեջ նշված է, որ աշխարհի 85
ամենահարուստներն այնքան հարստություն ունեն, որքան երկրագնդի բնակչության կեսը: Նրանց ընդհանուր հարստությունը 2013 և
2014թթ. օրեկան աճում է 668 մլն դոլարով, այսինքն յուրաքանչյուր րոպեում գրեթե կես միլիոն դոլարով: