211652_close_icon
views-count1756 դիտում article-date 15:45 27-10-2014

Շահագործման է հանձնվել Տիգրան Մեծի պողոտան Սարալանջի փողոցին կապող նոր ճանապարհահատվածը

Ամբողջությամբ ավարտվել և շահագործման է հանձնվել Տիգրան Մեծի պողոտան Սարալանջի փողոցին կապող նոր ճանապարհահատվածը, որն էապես բեռնաթափել է տվյալ հատվածի երթևեկությունը: Բացի այդ, աշխատանքներ են տարվում նախկին երկաթգծի կամուրջը որպես հետիոտնային անցում վերակառուցելու և շահագործման հանձնելու ուղղությամբ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի վերահսկման նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության, ՃՈ, ինչպես նաև «Երևանտրանս» և «Երևան ավտոբուս» ՓԲ ընկերությունների հետ իրականացվող ամենօրյա հսկողության ընթացքում նախորդ շաբաթ հայտնաբերված 43 խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրութուններ: Ոչ բավարար գնահատելով իրականացվող վերահսկողությունը՝ քաղաքապետը հանձնարարել է առավել խստացնել մասնավորապես երեկոյան ժամերին հասարակական տրանսպորտի աշխատանքի նկատմամբ հսկողությունը: «Մենք պարբերաբար ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ հատկապես երեկոյան ժամերին մի շարք երթուղիներում նկատվում է տրանսպորտային միջոցների նվազում, որոշ դեպքերում՝ ընդհուպ շարժակազմերի բացակայություն: Եթե կա դժգոհություն, ուրեմն համապատասխան ծառայությունները պարտավոր են լրացուցիչ ուսումնասիրել ու հատկապես մատնանշվող թերացումների ուղղությամբ իրականացնել վերահսկողությունը: Ըստ այդմ, հատուկ հսկողություն սահմանեք հասարակական տրանսպորտի աշխատանքի հատկապես ուշ ժամերին իրականացվող սպասարկման նկատմամբ և խստորեն հետևեք, որպեսզի բոլոր երթուղիներն իրենց չվացուցակով սահմանված ժամերին ապահովեն համապատասխան սպասարկումը: Իսկ այն կազմակերպությունները, որոնք չեն ապահովի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, օրենքով սահմանված կարգով ձեռնարկեք համապատասխան քայլեր և նրանց ենթարկեք վարչական տույժերի», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր