211652_close_icon
views-count1069 դիտում article-date 18:00 25-10-2014

Հայաստանը նույնպես պետք է կարողանա մրցունակ դառնալ տարածաշրջանային զբոսաշրջության մեջ. Հերմինե Նաղդալյան

Հոկտեմբերի 17-25-ը Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Կարս նահանգի տարածքում (ներկայիս Թուրքիա) անցկացված երրորդ հայ-ռուսական գիտազբոսաշրջային արշավին նվիրված մամուլի ասուլիսում այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը շեշտեց, որ ամբողջ աշխարհում զարգանում է տարածաշրջանային զբոսաշրջության գաղափարը, և մենք նույնպես այս համատեքստում պետք է կարողանանք մրցունակ լինել։ ԱԺ փոխխոսնակը կարևորեց այն փաստը, որ գիտարշավը ոչ միայն զբոսաշրջության զարգացմանն է միտված, այլև նման միջոցառումների շնորհիվ երիտասարդներն ավելի լավ են տեղեկանում մեր երկրին, մեր պատմությանը։ Նա նաև ընդգծեց, որ տարեցտարի գիտարշավի միջոցով փորձում են ընդլայնել աշխարհագրությունը, պատմական ընկալումը, մասնակիցների շրջանակը։ «Կարևոր է, որ ՀՀԿ երիտասարդական թևը նույնպես ակտիվորեն մասնակցում է արշավին։ Եվ ես կոչ կանեմ, որ մյուս տարի նրանց միանան այլ երիտասարդական կառույցների, քաղաքական կազմակերպությունների երիտասարդներ»,- նշեց Հերմինե Նաղդալյանը։ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն իր խոսքում ընդգծեց, որ նման միջոցառումների շնորհիվ միջազգային տուրիստական շուկայում Հայաստանի ճանաչելիությունը մեծանում է, իսկ այս հնագույն և պատմական հուշարձաններով հարուստ երկիր այցելել ցանկացողների թիվը՝ աճում։ Դեսպանը համոզմունք հայտնեց, որ հայ-ռուսական գիտազբոսաշրջային արշավը կնպաստի ՀՀ տուրիստական ինդուստրիայի զարգացմանը: Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը տեղեկացրեց, որ արդեն հաջորդ՝ չորրորդ գիտարշավի շրջանակներում Մոսկվայում ՌԴ տուրօպերատորների համար ներկայացնելու են Հայաստանն ու Կարսը: Այդ ներկայացումներին մասնակցելու են նաև թուրք մասնագետները։ Նա նշեց, որ իրենց նպատակը նոր զբոսաշրջային պրոդուկտ ստեղծելն է, որն ավելի շատ զբոսաշրջիկների կուղղորդի դեպի Հայաստան։ Հայ-ռուսական գիտազբոսաշրջային երրորդ արշավը կազմակերպվել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության, Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի և Տուրիզմի հայկական ինստիտուտի մասնաճյուղի կողմից:

Նմանատիպ նյութեր