211652_close_icon
views-count3744 դիտում article-date 20:48 24-05-2016

Ողջ աշխարհում պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի ժողովուրդներին պատուհասած ողբերգությունները չկրկնվեն. Հերմինե Նաղդալյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մայիսի 24-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամներին: Ողջունելով հյուրերին` ԱԺ փոխնախագահը նշել է, որ Բուլղարիան Հայաստանի կողմից մշտապես ընկալվել է որպես ավանդական եղբայրական երկիր, որի հետ մեր պետությունն ունի սերտ պատմամշակութային կապեր եւ ընդհանրություններ: Տիկին Նաղդալյանը կարեւորել է բուլղարացի պատգամավորների այցը Հայաստան եւ նշել, որ այդքայլն ապրիլյան իրադարձություններից հետո հայ ժողովրդի կողքին լինելու եւ նրան աջակցելու լավագույն դրսեւորում է: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Հայաստանի քաղաքական օրակարգի երկու կարեւորագույն` Հայոց ցեղասպանության եւ Արցախի միջազգային ճանաչման հարցերին: Տիկին Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի խորհրդարանին Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային ոչնչացումը ճանաչող հայտարարագրի ընդունման եւ ապրիլի 24-ը զոհերի հիշատակման օր սահմանելու համար` այդ գործընթացում բարձր գնահատելով բուլղարացի պատգամավոր Վալերի Սիմեոնովի եւ նրա կուսակիցների գործադրած ջանքերը: Նրա գնահատմամբ` հայտարարագրի ընդունումը լրջագույն քայլ էր` աշխարհին եւս մեկ անգամ ասելու, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն եւ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ ողջ աշխարհում պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի ժողովուրդներին պատուհասած ողբերգությունները չկրկնվեն:

Նմանատիպ նյութեր