211652_close_icon
views-count5027 դիտում article-date 20:08 03-07-2014

«ԵԽԽՎ հերթական նստաշրջանի աշխատանքը եղել է ծանրաբեռնված և լարված». Հերմինե Նաղդալյան

Հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը մանրամասներ ներկայացրին հունիսի 23-27-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ հերթական նստաշրջանի աշխատանքը եղել է ծանրաբեռնված եւ լարված, քանի որ այն ընթացել է Ադրբեջանի նախագահությամբ: Բացի այդ հանգամանքից, ԵԽԽՎ ամառային այս նստաշրջանի ընթացքում Ստրասբուրգ են այցելել Ադրբեջանի նախագահը եւ ԱԳ նախարարը: Հայկական պատվիրակությունը, ինչպես նաեւ Ստրասբուրգում Հայաստանի ներկայացուցչությունը, ՀՀ արտգործնախարարությունը, ինչպես նշեց Հերմինե Նաղդալյանը, աշխատել են համախմբված եւ ակտիվ: Պատվիրակության անդամներն աշխատել են ոչ միայն ԵԽԽՎ հանձնաժողովներում եւ քաղաքական խմբերում, ունեցել ելույթներ եւ ներկայացրել տարբեր թեմաների վերաբերյալ բանաձեւեր, մասնակցել ազատ քննարկմանը, այլեւ հանդիպումներ են ունեցել հայկական սփյուռքի կազմակերպությունների եւ կառույցների ներկայացուցիչների հետ, ԵԽԽՎ պատվիրակների հետ: Պատվիրակության ղեկավարի կարծիքով, քանի որ առաջիկա վեց ամիսներին եւս ԵԽԽՎ-ում նախագահելու է Ադրբեջանը, հայկական պատվիրակությանն սպասվում է ծավալուն եւ լարված աշխատանք՝ լի ադրբեջանական ակտիվությամբ եւ գրոհով: Լրագրողներին հետաքրքրող հիմնական թեման հայկական պատվիրակության կողմից Ադրբեջանի նախագահին հարց չուղղելու մասին էր, որին ի պատասխան պատվիրակության անդամներն ասացին, որ հարցով չդիմելու վերաբերյալ որոշումը պատվիրակությունն ընդունել է միաձայն, քանի որ ճիշտ չի համարել տալու 30 վայրկյանանոց մի հարց, որն Ադրբեջանի նախագահին հնարավորություն կտար իրականացնելու հակահայկական շոու եւ քննարկումը տեղափոխելու հայ-ադրբեջանական հակամարտության հարթություն՝ հայկական պատվիրակությանը հնարավորություն չտալով նույնիսկ ռեպլիկ հնչեցնելու, քանի որ այդպես է սահմանված ԵԽԽՎ կանոնակարգով: Բացի այդ, հարց տալու համար հերթագրված 50 պատվիրակներից ոմանք նույնպես հարցեր կհնչեցնեին այդ շրջանակում:

Նմանատիպ նյութեր