Տավուշի մարզը և Չեխիայի Հրադեց Կրալովի երկրամասը գործակցային հարաբերություններ կհաստատեն
Հոկտեմբերի 22-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատում հանդիպում ունեցավ Չեխիայի Հրադեց Կրալովի երկրամասի նահանգապետ Լուբոմիր Ֆրանցի հետ: Հանդիպմանը մասնակցեց նաև Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, ծնունդով Հրադեց Կրալովցի Ռոբին Բյոհնիշը:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու պետությունների միջև տարածաշրջանային համագործակցության զարգացման հարցեր: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանների միջև տնտեսական, գիտա-կրթական և մշակութային կապերի հեռանկարներին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց գործակցային հարաբերություններ հաստատել երկրամասի և Հայաստանի Տավուշի մարզերի միջև: Այս նպատակով մոտ ապագայում կսկսվեն բանակցությունները համագործակցության հուշագրի նախագծի շուրջ: