1670 դիտում
10:15 13-06-2014
Կիսելյովին պետք է բացատրեին, որ Հայաստանը Կրասնոդարի երկրամասը չէ․ ՀԱ
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Մարդիկ, ովքեր Ռուսաստանի գլխավոր հեռուստաքարոզիչ Դմիտրի Կիսելյովին հրավիրել են Հայաստան թերեւս պիտի նրան բացատրած լինեին, իսկ գուցեեւ թեթեւակի ասե՞լ են, թե հատկապես ուր է նա գալիս, որ Հայաստանն, այնուամենայնիվ, Կրասնոդարի երկրամասը չէ:
Հարցն այն է, որ նախօրեին խորհրդարանում Դմիտրի Կիսելյովն արել է արտահայտություններ, որոնք բուռն ու, անխուսափելիորեն կրքոտ, զայրալից արձագանքների առիթ են դարձել:
Ահավասիկ, Ռուսաստանի պետական հեռուստաքարոզչի աղմկահարույց արտահայտությունը. «...Եթե Երեւանում փաստացի չեն մնացել ռուսական դպրոցներ եւ Հայաստանում ռուսաց լեզուն չի գործածվում, ապա սա նշանակում է, որ ռուսական մշակույթն է վերանում, եւ Ռուսաստանի հետ կապը աստիճանաբար վտանգավոր միտում է ստանում: ...Երեւանում չեն մնացել ռուսական դպրոցներ, ռուսական մշակույթը երկրորդական է դառնում, դա էլ է վտանգավոր: Ես այսօր տաքսի նստեցի, քսան տարեկան տղան անգամ հաշիվը ռուսերեն չկարողացավ ասել»:
Բանը, ի դեպ, դրանով չի ավարտվել, եւ Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպանն էլ խոսել է Հայաստանում ռուսերենը... երկրորդ պետական լեզու հայտարարելու անհրաժեշտության մասին:
Սկսենք նրանից, որ Դմիտրի Կիսելյովին, Երեւանում եղած ժամանակ, սպասարկել է «Համմեր» ավտոմեքենա, որով էլ նա, ի դեպ, ժամանել էր ԱԺ շենք: Ի դեպ, խիստ զարմանալի է, որ այդ ընթացքում ռուս քարոզչին պետական բարձրաստիճան այրին համարժեք պատիվներ են տրվել: Մասնավորապես նրան սպասարկող ավտոմեքենան (հատկանշական է, ի դեպ, որ ոչ ռուսական արտադրության մեքենա) ԱԺ գլխավոր մուտքին է մոտեցել, ինչն արվում է օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների ժամանելու դեպքում: Ինչո՞ւ: Կամ՝ որ ի՞նչ:
Շատ ավելի հետաքրքրական է, թե նա առհասարակ ինչ գիտե, ինչ կարգի տեղեկատվության է տիրապետում Հայաստանում ռուսերենի տարածվածության, գործածության, ռուսական մշակույթի ներկայության կամ բացակայության առումով
Մտացածին ու կեղծ է հնչում նաեւ մտահոգությունը «ռուսական մշակույթի վերանալու...» կամ, առավել եւս, երկրորդական լինելու առումով: Հայաստանում, ընդգծենք, առաջնայինը միայն հայ մշակույթն է, չնայած դասակարգումն այս հարցում էլ անհեթեթ եւ արհեստական մի բան է:
Է՛լ ավելի արհեստական եւ քննադատելի է ռուսերենին, այսպես կոչված, «երկրորդ պետական լեզվի» կարգավիճակ տալու հարցը, որ առիթ-անառիթ օրակարգ են բերում կամ այդ երկրի տարբեր ներկայացուցիչներ, կամ Հայաստանում ռուսական շահերն արտահայտող ու սպասարկող զանազան տեղացի գործիչներ:
Կարճ ասած, տխրահռչակ «ռուսական մեծապետական շովինիզմը» Հայաստանում ելույթներ ունենալու լավագույն տարբերակը չէ: Ավելին՝ չգիտեմ, թե ինչ առաքելություն է ստանձնել Կիսելյովը, բայց նրա նման մի երկու-երեք գործիչը բավական է, որ ակտիվ հասարակության հարթության վրա հայ-ռուսական հարաբերությունները սրվեն: Այսինքն՝ բերեք նման մեկ-երկու քարոզիչ, ու այլեւս հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու ինչ-որ գրանտային ծրագրեր կամ իրականացնողներ պետք չեն, եթե այդպիսիք կան»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
872 դիտում
11:42 23-10-2014
Տավուշի մարզը և Չեխիայի Հրադեց Կրալովի երկրամասը գործակցային հարաբերություններ կհաստատեն
1979 դիտում
16:01 12-06-2014
Նիկոլ Փաշինյանը պահանջում է Դմիտրի Կիսելյովին Հայաստանում անցանկալի անձ հայտարարել
6441 դիտում
12:18 13-06-2014
ՀՅԴ-ական պատգամավորը Կիսելյովին պաշտպանողներին «բ..-ի տղերք» անվանեց
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»