211652_close_icon
views-count5921 դիտում article-date 14:27 15-01-2016

«Միրզոյան-Ֆեստ». հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն այս տարի նվիրվում է Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` ս. թ. հունվարի 15-ից փետրվարի 17-ը, արդեն 7-րդ անգամ անցկացնում է հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որն այս տարի նվիրվում է ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան 95-ամյակին: «Միրզոյան-ֆեստը» կներառի 4 համերգային երեկո. կհնչեն հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փառատոնի շրջանակում կներկայացնի հոբելյանական երեկոներ. կնշվեն կոմպոզիտորներ Խաչատուր Մարտիրոսյանի 70-ամյա և Վարդան Աճեմյանի 60-ամյա հոբելյանները: Փառատոնի բացման համերգին հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ առաջին անգամ կհնչի Խաչատուր Մարտիրոսյանի ջութակի և նվագախմբի «Կոնցերտ-ֆանտազիան»: Կհնչեն նաև Է. Միրզոյանի «Տոնական կոչնակները», մի շարք կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններ, ռոմանսներ, ինչպես նաև լարայինների և գոսերի համար գրված սիմֆոնիան, որը դարձել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի այցեքարտը: Այն մշտապես կատարվում է հյուրախաղերի ժամանակ և ջերմորեն ընդունվում հանդիսատեսի կողմից: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմերն այս տարի նույնպես կմասնակցեն փառատոնի համերգներին՝ կատարելով Է. Միրզոյանի կամերային ստեղծագործությունները: Փառատոնի շրջանակում Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ կհնչեն հայ երգչախմբային արվեստի գլուխգործոցներից՝ Էդգար Հովհաննիսյանի խմբերգերն ու ժողովրդական երգերի մշակումները: Փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, առաջին անգամ կներկայացնի Վարդան Աճեմյանի Չորրորդ սիմֆոնիան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Արամ Սաթյանի «Երգ բնության» սիմֆոնիան:

Նմանատիպ նյութեր